«Պետք է վերջ դնել իրար ուտելուն». Վահագն Հայրապետյան

«Եթե ինձ քաղաքականությունը չհուզի, չհետաքրքրի, ես էլ ինչո՞վ եմ իմ երկրի քաղաքացին: Այսօր իմ արածն էլ է քաղաքականություն: Ես այսօր իմ երկիրն եմ ներկայացնում: Սա քաղաքականություն չի՞: Իմ երաժշտությամբ ճանաչում են իմ երկրի մշակույթը: Այն մարդը, ով չի էլ լսել Հայաստանի անունը, մտածում է` «Հետաքրքրվեմ, տեսնեմ այս մարդը որտեղի՞ց է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Կատուներ» բենդի ղեկավար Վահագն Հայրապետյանը:

Մեր այն հարցին, թե նա հետաքրքրվո՞ւմ է արդյոք քաղաքական կյանքով, Վահագնը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ուշադիր հետևում եմ քաղաքական անցուդարձին: Անկախ քո հետևելուց կամ չհետևելուց` ամեն ինչ իր հունով գնալու է: Ես միայն մի բան եմ ցանկանում` պետք է վերջ դնել իրար ուտելուն: Բոլորն ասում են, թե ուզում են, որ լավ լինի: Դե, բոլորով հավաքվեք, որ լավ լինի: Եթե պետք է խաղաղություն լինի, ինչո՞ւ եք սկզբում պատերազմ անում: Թող միանգամից խաղաղություն լինի»:

Vahagn Hayrapetyan (24)

Մեր այն հարցին, թե հասարակությունն ի վիճակի չէ՞ ինչ-որ փոփոխություններ անել և փոխել քաղաքական հունը, որ այլ ուղղությամբ շարունակվի, Վահագն Հայրապետյանը պատասխանեց. «Դա էլ է հուն: Մենք 1988 թվականին բոլորս միասին էինք, համախմբված էինք: Եթե միասին մի բան ուզենք՝ կլինի: Մեր փրկությունը մեր միասնության մեջ է: Մենք միանում ենք ամենածայրահեղ իրավիճակներում: Պետք է սովորենք սեղանի շուրջ միասին մի երգ երգել»:

Կարդացեք նաև

Իսկ համատեղելի՞ են արդյոք քաղաքականությունն ու բարոյականությունը: «Կատուներ» բենդի ղեկավարն այս հարցին ի պատասխան՝ ասաց, որ գլոբալ առումով քաղաքականությունն արդեն անբարոյականություն է. «Քաղաքականությունը բարոյականության համար չի արվում, այն ամբողջովին ուրիշ բան է: Հնարավոր է՝ քաղաքականությունն արդեն բիզնես է դարձել: Ես շատ կուզենայի, որ քաղաքականությունն ի վնաս քաղաքացիների չլինի: Մշակութային քաղաքականությունը փոքր-ինչ անշառ է: Բայց դա էլ կարաս փչացնես, եթե անընդհատ անորակ ու անհասկանալի սերիալներով մեր ժողովրդին բթացնես: Ողջ աշխարհում այսօր մտածող մարդը խանգարում է բոլորին: Համակարգիչներն ու հեռախոսներն ինչո՞ւ են ստեղծում: Նրա համար, որ մարդ քիչ մտածի: Այսօր մարդիկ դեմառդեմ շփվելու փոխարեն՝ ֆեյսբուքով են շփվում: Սա էլ է քաղաքականություն: Աշխարհի վերջը՝ սրա վերջն է լինելու: Ես նոր ու պոզիտիվ ինչ-որ բանի եմ սպասում»:

 Վահագն Հայրապետյանի հետ հարցազրույցը՝ կարող եք կարդալ վաղը:

Տեսանյութեր

Լրահոս