«Հանրապետությունը» գործելու է փետրվարի 19-ից
Երեկ տեղի ունեցավ «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չսպասելով իր վերընտրությանը` հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի թեկնածու:
Չնայած այս հայտարարությանը` նա վերընտրվեց կուսակցության նախագահ, ինչը նշանակում է, որ այս որոշումը նաև կուսակցականների սրտով էր: Իր ելույթում Ա.Սարգսյանն այսպես բացատրեց թեկնածությունը չառաջադրելու իր որոշումը. «Այս ընտրություններն ընդամենը «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի ոճրագործություններով բնութագրվող, դրանց մեղսակից և անմեղսակից, բայց անկարող քաղաքական սուբյեկտներից բաղկացած քաղաքական համակարգի ավարտական հանգրվանն են: Այդ համակարգի խորհրդանշական վախճանի մեկնարկը:
«Հանրապետություն» կուսակցությունը վճռականորեն «Ոչ» է ասում այս ընտրությունները կազմակերպած քաղաքական իշխանություններին, այս ընտրությունները և նրանց հետևանքները օգտագործելու է իրական, ազատական ուժերի համախմբման համար, իսկ փետրվարի 19-ից հետո հակված ենք լինելու հաղթելու մղումով մասնակցել երկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական գործընթացի`հերթական թե արտահերթ»:
Այսպիսով Արամ Սարգսյանը հույս ունի, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտը կմաքրվի մինչև օրս այն լրացնող ուժերից, և ընտրություններից հետո ինքը չլինելով այս ընտրություններին մասնակցած և պարտված գործիչ` հնարավորություն կունենա համախմբել այն կուսակցություններին և գործիչներին, ովքեր փնտրելու են ուժի նոր կենտրոն դրա շուրջ համախմբվելու համար: Արամ Սարգսյանի երեկ կազմակերպած համագումարն այդ համախմբման առաջին փորձն էր:
«Հանրապետություն» կուսակցության համագումարի մասնակիցների գրեթե կեսը ոչ թե կուսակցության համագումարի պատվիրակներն էին, այլ հրավիրյալներ: Սարգսյանը հրավիրել էր կուսակցությունը ժամանակին լքած գործիչների, ՀԱԿ-ին ժամանակին մաս կազմող կուսակցությունների անդամներին և նաև նրանց, ովքեր շարունակում են մաս կազմել ՀԱԿ-ին, բայց համարում են, որ ՀԱԿ-ը գտնվում է հոգեվարքի մեջ, և սպասում են Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման որոշմանը` ՀԱԿ վախճանն արձանագրելու համար:
ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից համագումարին ներկա էին «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Քրիստոնե-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ՀԺԿ քարտուղարներ Ստեփան Մինասյանը և Գրիգոր Հարությունյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, «Սասուն» ջոկատի ղեկավար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:
ՀԱԿ նախկին անդամներից համագումարին ներկա էին Դավիթ Շահնազարյանը, ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Մարտի 1-ի առիթով ստեղծված Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը և էլի բազմաթիվ գործիչներ:
Պարզ է, որ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները չէին ընդունի Արամ Սարգսյանի հրավերը, եթե համարեին, որ ՀԱԿ-ը դեռ կենսունակ և քաղաքական գործոն հանդիսացող ուժ է:
Ինչո՞ւ ենք այսպես պնդում, քանի որ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը ոչ միայն հեռացել է ՀԱԿ-ից, այլ այդ կառույցի գործունեության և քաղաքական վարքագծի ամենաարմատական քննադատներից է: Քաղաքական կուսակցություններն ընդունում են միայն համախոհ կուսակցությունների հրավերները, և չեն մասնակցում իրենց ընդդիմախոսների համագումարներին: «Հանրապետություն» կուսակցության հրավերը ՀԱԿ-ից չէին ընդունել միայն ՍԴՀԿ-ի մի թևը հանդիսացող Լյուդմիլա Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը:
Հավանաբար, ինչպես կասեր Լևոն Զուրաբյանը, նրանք դեռ շարունակում են «գծի մեջ» մնալ: ՀԱԿ-ին մաս կազմող միակ կուսակցությունը, որին հրավեր չէր ուղարկվել, ՀՀՇ-ն էր: Արամ Սարգսյանը հայտարարեց, որ նպատակահարմար չի համարել նրանց հրավիրել համագումարին: Եթե հրավիրեր էլ` չէին ընդունի, վերը նշված տրամաբանության հիմնավորմամբ:
Արդյոք Արամ Սարգսյանը կարող է համախմբող ուժի դեր կատարել և դառնալ ուժի այն կենտրոնը, որի շուրջ կհամախմբվեն մյուս ընդդիմադիր գործիչներն ու կուսակցությունները, հատկապես նրանք, ովքեր այլևս որևէ կապ չունեն ՀԱԿ-ի հետ և զուտ պարկեշտությունից և քաղաքավարությանը զոհ գնալով է, որ չեն հայտարարում ՀԱԿ-ից դուրս գալու մասին:
Բայց միայն ՀԱԿ-ի մահն ինքնըստինքյան չի նշանակում, որ ՀԱԿ-ին մաս կազմող ուժերը կամ գործիչները կհամախմբվեն «Հանրապետություն» կուսակցության շուրջ: Հայաստանում այլևս համախմբվում են կամ ուժի, կամ փողի շուրջ: Արամ Սարգսյանն առայժմ դրանցից որևէ մեկը չունի: Կունենա՞ հետագայում. առայժմ դժվար է ասել: