Շատերի կարծիքով` Արամ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց
Երեկ կայացավ «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը, որին հրավիրված էին բազմաթիվ հայտնի քաղաքական դեմքեր:
Համագումարի մեկնարկից առաջ կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի և լրագրողների միջև տեղի ունեցավ ճեպազրույց, որի ընթացքում մենք պարոն Սարգսյանին հարցրեցինք. «Որպես ազատական կուսակցության ղեկավար` հնարավո՞ր է` սատարեք իրեն ազատական թևի ներկայացուցիչը համարող Հրանտ Բագրատյանի թեկնածությանը` նրա առաջադրման դեպքում»:
«Գիտեք, Դուք դեռ չգիտեք` ես ինքս առաջադրվելո՞ւ եմ, թե՞ ոչ: Անկոռեկտ հարց եք տալիս: Գուցե ես ինքս է՞լ եմ առաջադրվում»,- պատասխանեց Արամ Սարգսյանը, որից բոլորի մոտ կարծես տպավորություն ստեղծվեց, թե Արամ Սարգսյանը շուտով իր ելույթում կհայտարարի իր թեկնածության առաջադրման մասին:
Իսկ մեր դիտարկմանը, որ մեզ հայտնի չէ Արամ Սարգսյանի կողմից առաջադրման մտադրության մասին որևէ հայտարարություն, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Դա կապ չունի, սպասե՛ք համագումարի ելույթիս, կավարտեմ ելույթս, կերևա»:
Ինչպես երևաց համագումարից, և, ինչպես սպասվում էր, Արամ Զ. Սարգսյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում:
Բնական է, պարոն Սարգսյանը ցանկանում էր պահպանել ինտրիգը` մինչ իր ելույթը, և չէր ուզում միանգամից բացել բոլոր խաղաքարտերը: Սակայն, մյուս կողմից, իհարկե, պետք է նշենք, որ Արամ Սարգսյանի չառաջադրվելու դիրքորոշումն իր հերթին` բխում էր վերջինիս ելույթում իրավիճակի վերաբերյալ հնչեցրած մի շարք առողջ գնահատականներից, որոնց հետ համաձայնեցին նաև տարբեր քաղաքական գործիչներ:
Մասնավորապես, «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ով արդեն հայտարարել է նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին, «168 Ժամի» հարցին` կարո՞ղ ենք Արամ Սարգսյանի քայլը դասել քաղաքական բոյկոտների շարքին, պատասխանեց. «Միանշանա՛կ: Իհարկե, սա այն շարքի շարունակությունն է, որը, որպես քաղաքական ուժ, մենք ենք սկսել (առաջինը ես եմ հայտարարել ընտրությունները բոյկոտելու մասին): Հիմա սա շարունակվում է և շատ նորմալ է: Զեկույցի բնույթն ինձ թույլ տվեց եզրակացնել, որ ոչ մեկին էլ (նկատի ունի «Հանրապետություն» կուսակցությանը.- Ա.Ս.) չեն սատարելու»:
Մենք նաև հետաքրքրվեցինք` նման հայտարարություններով հայտնի քաղաքական ղեկավարներն ո՞ւմ են թողնում քաղաքական դաշտը:
«Թողնում են Սերժ Սարգսյանին»,- պատասխանեց Արամ Կարապետյանը:
Մեր հարցին` ինչո՞ւ, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Որովհետև հաղթելու տրամաբանությունն այսօր Հայաստանում երկու ճանապարհ ունի. մեկն այն է, որ ընտրությունները կկայանան, որին Դուք էլ չեք հավատում, ես էլ չեմ հավատում, և երկրորդը` փողոցն է, հեղափոխությունը: Այսօր երկուսն էլ դեռ հնարավոր չէ անել: Հասարակությունն է այդ վիճակում հայտնվել: Դրա համար, իմ կարծիքով, ժամանակ է պետք` դաշտը քաղաքականացնելու համար, և վստահեցնում եմ, դա մեզ կհաջողվի, բայց, ցավոք, հիմա չէ այդ ժամանակը»:
Շարունակելով` Արամ Կարապետյանը նշեց` եթե նշված երկու ճանապարհները հնարավոր չեն, մնում է միայն Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելը:
«Իսկ լեգիտիմացնել նշանակում է` Սերժ Սարգսյանի համար երկարաձգել կյանքը, փորձել իրավիճակին տալ այլ լուծումներ, նոր վարկեր, նոր հարկեր: Ես կատեգորիկ դեմ եմ դրան, և կարծում եմ, որ դաշտը պետք է թողնել Սերժ Սարգսյանին, ինքը և իր ստեղծած իրավիճակը»,- ասաց Արամ Կարապետյանը:
ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նույնպես դրական համարեց Արամ Սարգսյանի ելույթը և որոշումը` նշելով. «Կարծում եմ, Արամ Սարգսյանի չառաջադրվելը քաղաքական իրավիճակի ճիշտ գնահատման արդյունք էր: Իմ տեսակետով` ճիշտ որոշում է ընդունել»:
«168 Ժամը» Արամ Սարգսյանի որոշման վերաբերյալ զրուցեց նաև Արամ Սարգսյանի կուսակցական ընկերների` «Հանրապետություն» կուսակցության անդամների հետ:
Մասնավորապես, «Հանրապետության» քաղխորհրդի անդամ, ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը նշեց, որ «Արամ Սարգսյանի չառաջադրման հարցը կուսակցության քաղխորհրդում վաղուց էր քննարկվել»:
«Կային մարդիկ` ոչ միայն քաղխորհրդի անդամներ, այլև շարքային կուսակցականներ, հասարակական քաղաքական դաշտի բավականին կշիռ ունեցող անձինք, որոնք առաջադրվելը համարում էին ճիշտ: Բայց մի քանի կոնսուլտացիաներից հետո մենք հաշտվեցինք այն մտքին, որ այս ընտրություններում նա չի առաջադրվի: Բայց իմացեք` երբ առաջադրվի մեր թեկնածուն, ինքը հաղթելու է: Ւսկ շանսը մենք մեր ձեռքի բաց չենք թողնելու ամեն գնով: Իսկ աշխարհի վերջը, ինչպես տեսաք, այսօր չեղավ, և ինչպես ասաց Արամ Սարգսյանը` սկիզբը դրվեց քաղաքական նոր պայքարի»,- ասաց Ս.Աբրահամյանը:
Ավելացնենք, որ համագումարին պաշտոնապես հրավիրված չէր ՀՀՇ-ն և Հայ ազգային կոնգրեսն ընդհանրապես, չնայած որ ներկա էին, օրինակ, ՀՀՇ հիմնադիր անդամներ Արարատ Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Դավիթ Առաքելյանը, Կարեն Կարապետյանը: Ավելին` «Հանրապետություն» կուսակցության ղեկավարները` լրագրողների հարցին` ինչո՞ւ չեն հրավիրել ՀՀՇ-ին, պատասխանում էին` ո՞վ ասաց չեն հրավիրել` մատնանշելով Արարատ Զուրաբյանին և մյուսներին: Այնտեղ էին նաև ՀԱԿ անդամներ Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Սասուն Միքայելյանը: Սակայն պարզվեց, որ «Հանրապետություն» կուսակցությունում առանց այդ էլ հիշում են ՀԱԿ-ի մասին: Իսկ երբ համագումարի վարող Արտակ Զեյնալյանը Սուրեն Ջհանգիրի Աբրահամյանին շփոթմամբ կոչեց «պարոն Ջհանգիրյան», ներկաները լավ զվարճացան, իսկ ոմանք նույնիսկ սկսեցին ենթադրել, թե ինչո՞ւ համագումարին չի եկել ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը. «Ջհանգիրյանը գծի մեջ ա, չի կարա գա»:
«168 ԺԱՄ»