«Քո 2000 դրամը քեզ պահի. Ես դրա կարիքը չունեմ, դա ի՞նչ փող ա, որի համար ես հավաքարարություն անեմ»
Ասում է Երևանի փողոցներում մուրացկանությամբ զբաղվող կինը
Մուրացկաններ բոլոր երկրներում կան: Դա հաճախ պայմանավորված է չքավորությամբ, հաճախ` աշխատել չցանկանալով: Երևան քաղաքի փողոցներում նկատեցի, որ մուրացիկներն այս օրերին ավելի են շատացել: Արտաքնապես մուրացիկի չնմանվող մարդիկ ամեն քայլափոխի դիմացդ են դուրս գալիս և օգնութուն խնդրում: Փողոցներ կան, որտեղ մուրացկաններն ուղղակի միմյանց միջև փողոցի մայթերն են բաժանել: Այո, այսօր Հայաստանում սոցիալական վիճակը շատ ծանր է, և մարդիկ հանապազօրյա հացի խնդիր ունեն, աշխատանք չկա: Բայց, ինչպես կյանքն է ցույց տալիս, նույնիսկ ամենածանր պայմաններում ապրող հազարավոր մարդիկ իրենց թույլ չեն տալիս նման գործունեություն ծավալել: Մուրացկանները հիմնականում կառավարվում են ինչ-ինչ մարդկանց կողմից, որոնց են «մուծվում» օրվա ընթացքում հավաքած գումարները: Եվ չնչին գումարներ են հասնում այդ մուրացկաններին:
Երբ զգում ես, որ մարդն իսկապես օգնության, աջակցության,անգամ գումարի կարիք ունի՝ հասկանում ես, և փորձում ես օգնել: Բայց նման դեպքեր շատ քիչ են պատահում: Այնպես որ, շատերին ուղղակի մուրացկան անվանելն է սխալ:
Երեկ Հանրապետության հրապարակի շրջակայքում հանդիպեցի մի մուրացիկ կնոջ, ով գումար խնդրեց: Տվեցի ու փորձեցի մի երկու բառ փոխանակել նրա հետ: Կնոջ անունը Անահիտ էր (համենայնդեպս, նա այդպես ասաց): Ասաց, որ Սովետական Միության տարիներին ինչ-որ ֆաբրիկայում է աշխատել: Պատմեց, որ ամուսինը մահացել է տարիներ առաջ՝ թողնելով իրեն և երկու զավակներին մենակ՝ պարտքերի մեջ: «Որդիներս Հայաստանում չեն: Ինձ էլ մոռացել են»,- կիսահայերեն-կիսառուսերեն ասացկ ինը: Զրույցի ընթացքում նկատեցի, որ ինչ-որ բան անկեղծ չէ: Հարցրեցի, թե ձմռան ցրտին ինչպե՞ս է կարողանում ամբողջ օրը կանգնել մետրոյի սառը աստիճանների վրա, կամ էլ դրսում՝ ձյան ու սառույցի վրա: Կինը նայեց աչքերիս ու չպատասխանեց: Թերևս,փորձում էր հասկանալ, թե ինչ եմ իրենից ուզում ճշտել:
Օրեր առաջ ընկերներիցս մեկն ասել էր, որ իր մթերային խանութում հավաքարարի հաստիք ունի՝ օրական 4 ժամ աշխատանքային ժամով: Այդ 4 ժամվա աշխատանքի համար պատրաստ էր ամեն օր վճարել 2000 դրամ: Իմ զրուցակից տիկին Անահիտին այդ աշխատանքի մասին ասացի՝ խոստանալով նրան այդ հարցում աջակցել, ծանոթացնել: Փորձում էի բացատրել, որ օրական 4 ժամ՝ տաք խանութում աշխատելն ավելի լավ է, քան ամբողջ օրը դրսում սրանից-նրանից գումար խնդրելը: Արդեն պատրաստվում էի զանգահարել ընկերոջս, ասել, որ արդեն նոր աշխատող ունի, բայց կինն իր բարկացած աչքերը վրաս հառելով՝ ասաց. «Ի՞նչ ես ինձանից ուզում, գնա ու քո 2000 դրամը քեզ պահի: Ես դրա կարիքը չունեմ: Դա ի՞նչ փող ա, որի համար ես հավաքարարություն անեմ»: