Ընդդիմության փառահեղ հաղթանակն իշխանության նկատմամբ
Երեկ ԱԺ-ում ընդդիմությունը մեծագույն հաղթանակ տարավ. չնայած խորհրդարանն ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագիծը, բայց ընդունեց ոչ այն նախագիծը, որն ի սկզբանե ներկայացրել էին Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Հարությունյանը, այլ դրա վերախմբագրված տարբերակը:
Դա կարելի է հաղթական համարել ընդդիմության համար: Սա այնպիսի մի հաղթանակ է, որը կարող է իր քաղաքական ազդեցությամբ մթագնել ու ստվերել նույնիսկ նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության անդամներն առաջարկում էին ԱԺ կանոնակարգ- օրենքի 24-րդ հոդվածը, որը վերաբերում է Էթիկայի հանձնաժողովի կազմավորումն այնպես վերախմբագրել, որ այդ հանձնաժողովում ՀՀԿ-ՕԵԿ դաշինքն ունենա ոչ թե երկու, այլ չորս ներկայացուցիչ, և ստեղծվի հավասարակշռություն` ընդդեմ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» քառյակի: Այս տարբերակի ընդունման դեպքում ՀՀԿ-ն հնարավորություն էր ստանում այս հանձնաժողովում տապալել ցանկացած հարցի քննարկում և որոշման կայացում:
ՀՀԿ պատգամավորների ներկայացրած նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ընդդիմադիր և այլընտրանքային քառյակը հայտարարեց, որ կարող է բոյկոտել հանձնաժողովի աշխատանքը, և այդ դեպքում հանձնաժողովում կմնան միայն ՀՀԿ և ՕԵԿ ներկայացուցիչները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենց հետ չի կարելի խոսել սպառնալիքների լեզվով:
Երեկ առավոտյան վիճակն այնպիսին էր, որ ՀՀԿ խմբակցությունը կարող է իր ուզած նախագիծն անցկացնել նաև երկրորդ ընթերցմամբ, և այն կմտներ ուժի մեջ:
Բայց օրինագիծն ԱԺ-ում ներկայացնող Արփինե Հովհաննիսյանը ի վերջո հայտարարեց, որ եկել են համաձայնության, ըստ որի` ՀՀԿ-ն կունենա երկու ներկայացուցիչ, իսկ մյուս խմբակցությունները` մեկական, և ՀՀԿ-ն չի ունենա վետոյի իրավունք, ինչը նախատեսվում էր նախորդ տարբերակների դեպքում:
Այսպիսով քառյակը կարող էր իրեն հաղթանակած համարել, քանի որ, չնայած ՀՀԿ-ն մեկ ներկայացուցիչ ավելի է ունենում հանձնաժողովում, բայց միևնույն է` ՕԵԿ-ի հետ միասին ունենում է երեք ձայն, այն դեպքում, երբ իրենք չորսն են: Հարցը միայն այն է, թե որքանո՞վ այս չորսը միշտ միասին կլինեն, և արդյո՞ք ինչ-ինչ հանգամանքների ազդեցության ներքո այս քառյակից մեկը չի միանա եռյակին և տեղերը չեն փոխվի:
Երեք օր շարունակ ԱԺ պատգամավորները, բոլոր ընդդիմադիր, իշխանական խմբակցությունները և այլընտրանք հանդիսացող ԲՀԿ-ն քննարկում էին մի նախագիծ, որի ստեղծման ամբողջ իմաստն ու էությունը Դավիթ Հարությունյանի վրեժխնդրությունն էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ծանր և հետևողական պայքարի արդյունքում, արտասահմանում գտնվող Դավիթ Հարությունյանը մի փոքր նահանջի հրաման տվեց: Հարությունյանը հասկացավ, որ եթե շատ պնդի, և ընդդիմությունը բոյկոտի հանձնաժողովի աշխատանքը, դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի իր վրա: Հարությունյանը հասկացավ, որ վրեժխնդիր լինելով Փաշինյանից, ինքն ավելի շատ կորցնելու է, քան շահելու:
Պարզ է, որ Էթիկայի հանձնաժողովը մեծ հաշվով ոչ մի էական որոշում չի կարող կայացնել: Եթե անգամ այս հանձնաժողովը որոշի, որ որևէ պատգամավոր թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում, դա ոչ մի իրավական հետևանք չի առաջացնում, դրա համար պատգամավորին չեն զրկի մանդատից, կամ նույնիսկ չեն կարող այդ որոշման հիմքով ստիպել, որ նա ներողամտություն հայցի նրանից, ում վիրավորել է: Միակ հարցն այն է, որ ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն է տրվում որոշել, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ինչ-որ հարցում իրենց սխալ են պահել:
Դա թեկուզ բարոյական, բայցևայնպես` հարված է ՀՀԿ հեղինակությանը, և ՀՀԿ-ականները որոշել էին դրա դեմն առնել: Հանրապետականների միակ մոտիվացիան այն էր, որ չի կարող փոքրամասնությունը որոշել` մեծամասնությունը ճի՞շտ է, թե՞ սխալ:
Էթիկայի հանձնաժողովը ստեղծվել էր հատուկ մի նպատակով, որ եվրոպացիներին և մարդու իրավունքների պաշտպանությամբ և նման համամարդկային խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցիչներին ցույց տային, թե ինչպիսի ազատական մթնոլորտ է Հայաստանում, որ չնայած Հայաստանում ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ կուսակցության ձեռքում, բայց այդ կուսակցությունն այնքան բարի, հոգատար և տոլերանտ է, որ Էթիկայի հանձնաժողով է ստեղծել և դրա ղեկավարումը վստահել ընդդիմությանը, հնարավորություն տալով նրան` քննել իշխանությունը ներկայացնող պատգամավորների պահվածքը և նրանց համապատասխան զգուշացումներ անել:
Եթե ընդդիմությունը որոշեր բոյկոտել այս հանձնաժողովի աշխատանքը, ապա եվրոպացիները կարող էին մտածել, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, որ ընդդիմությունն այստեղ ենթարկվում է ճնշումների և հալածանքների: Բայց հիմա, երբ իշխանությունը հրաժարվեց իր մտադրություններից, և ընդդիմությունը հաղթեց, բոլորը տեսան և հասկացան, որ դա այդպես չէ, և, եթե իշխանությունը տեսնում է, որ ինքը սխալ է, կարող է նաև հրաժարվել իր սխալից: Ընդդիմությունն էլ հայտարարեց, որ ինքը չի բոյկոտի հանձնաժողովի աշխատանքը:
«168 ԺԱՄ»