Ասոցիացումը` ռազմավարական գործընկերության զոհասեղանին
Չնայած ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի մեծ մասը վերաբերում էր ներքին քաղաքականությանը, սակայն դրանում ներառված էին նաև արտաքին աշխարհին հասցեագրված մի քանի ուղերձներ: Ընդհանրապես, արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը Սերժ Սարգսյանի ելույթում բավական հակիրճ էր, և դրանում Հայաստանի գերակայությունների առումով առանձնապես նոր արձանագրումներ չկային` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց, տարածաշրջանային խնդիրներ, և այլն:
Ուշագրավ էր, սակայն, Սերժ Սարգսյանի կողմից արտաքին քաղաքականության գերակայությունների թվարկումն ու հատկապես ձևակերպումները: «Մեր մշտական ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ՝ անվտանգության արտաքին բաղադրիչների ամրապնդումը, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը` հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, միջազգային քաղաքական և տնտեսական համագործակցության գործընթացներում և համակարգերում Հայաստանի ներգրավվածության ընդլայնումը, համազգային նշանակություն ունեցող խնդիրներին հետամուտ լինելը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ամենօրյա թափ հաղորդելը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների զորացումը և ռազմավարական համագործակցության ամրապնդման ծրագրերի իրականացումը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու ընդլայնումը, Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շարունակությունը, եվրոպական երկրների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը»,- հայտարարել է ՀՀԿ նախագահը: Ուշագրավ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ձևակերպումը` «զորացում»:
Նա չի ասում՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդում, խորացում, շարունակականություն, այլ օգտագործում է «զորացում» ձևակերպումը: Առանձին վերցրած այդ արտահայտությունը գուցե ուշադրության չարժանանար, սակայն, երբ նման հայտարարությունից հետո ՀՀ նախագահն ասում է` ԱՄՆ-ի հետ «բարեկամական գործընկերության զարգացում և ընդլայնում», Ռուսաստանին հստակ ուղերձ է հղում առ այն, որ որևէ հարաբերություն չի կարող ստորադասվել հայ-ռուսականին:
Սերժ Սարգսյանը նաև շատ մակերեսորեն է արտահայտվում եվրաինտեգրացիայի մասին, որը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենաակտուալ հարցերից մեկը: «Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շարունակությունը, եվրոպական երկրների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը»,- նշում է Ս. Սարգսյանը` որևէ խոսք չասելով Եվրամիության հետ Ազատ առևտրի համաձայնագրի, մի քանի օր հետո ստրագրվելիք` վիզային ռեժիմի դյուրացման մասին փաստաթղթի և, ամենակարևորը` Ասոցիացման համաձայնագրի մասին, այն դեպքում, երբ ընդամենը երկու շաբաթ առաջ անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն էր Երևանում խոսում այդ մասին:
Դիվանագիտական այս ձևակերպումների, դրանց արտահայտման տոնայնության տարբերությունների տակ շատ հստակ ուղերձներ են թաքնված: Ուղերձներ, որոնցով Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, ցանկացել է մեղմել վերջին ամիսներին Հայաստանի եվրաինտեգրացիոն քաղաքականության նկատմամբ ռուսների խանդն ու Հայաստանը` Եվրասիական միության մաս դարձնելու վճռականությունը կամ գոնե շտապողականությունը: Եվրաինտեգրացիայի մասին զուսպ հայտարարություններով Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, ակնարկում է, որ չպետք է բացառել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: ՀՀԿ համագումարին մասնակցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ, ԽՍՀՄ և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովը, կարծում ենք, ամբողջությամբ հասցեատիրոջը կհաղորդի այս ուղերձը: