ՃՈ շուրջ մեկ տասնյակ ծառայողներ հեռացվել են
Ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով ՀՀ ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում երկու ուղղություններով` օրենսդրական փոփոխություններ և կազմակերպչական միջոցառումներ: Այս մասին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայով դեկտեմբերի 14-ին անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Ըստ նրա, Ազգային ժողովում ներկայումս գտնվում է մի նախագիծ, որի նպատակն է ինչ-որ առումով թեթևացնել վարորդների հոգսը և ազատել նրանց «որոշ ավելորդ, ժամանակավրեպ» պարտականություններից: Խոսքը վերաբերում է ԱՊՊԱ կտրոնի օգտագործման կարգը խախտելու, առանց կտրոնի կամ չգործող կտրոնով մեքենան վարելու համար պատասխանատվություն սահմանող դրույթները հանելուն: Օրինագիծն ընդունվելու արդյունքում կմնա միայն ԱՊՊԱ-ի պայմանագիր չունենալու համար պատասխանատվությունը:
Փոխոստիկանապետի մատուցմամբ, իրականացվող բարեփոխումների մեջ կարևոր դեր ունի նաև ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության և էթիկայի նորմերի պահպանման մակարդակի բարձրացումը: «Սա, համենայնդեպս մեզ համար, ամենացավալի և խոցելի տեղն է: Ոստիկանության պետի հրամանով ավելի ինտենսիվ են դարձել այս ոլորտում դասընթացները և ավելի մեծ ուշադրության ներքո են այժմ գտնվում: Միայն էթիկայի նորմերի խախտումների, ոստիկանին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու համար այս տարվա ընթացքում շուրջ մեկ տասնյակ ծառայողներ ազատվել են ոստիկանության համակարգից, 107 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»,-հայտնեց Ա. Օսիկյանը:
Ըստ նրա, նման դրսևորումներ նկատմամբ, նախորդ տարվա համեմատ, առկա են ավելի խիստ մոտեցումներ: Շատ են դեպքերը, երբ ճանապարհային ոստիկանության ծառայողները տեղափոխվել են ավելի ցածր պաշտոնի կամ այլ աշխատանքի:
«Բարեփոխումներին և ձեռքբերումներին զուգահեռ դեռևս առկա են մեր համար տեսանելի որոշ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են համակարգված և երկարաժամկետ լուծումներ: Եթե սպասարկման ոլորտում ունենք առաջընթաց, ապա ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման և վարչական իրավակիրառական ոլորտի խնդիրների լուծումը դեռևս մնում է որոշակի առումով չլուծված»,-ասաց Ա. Օսիկյանը: Նա առկա հիմնախնդիրներից կարևորեց հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը և երթևեկության մասնակիցների կողմից երթևեկության կանոնների նկատմամբ հարգանքի ձևավորումը, երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները չվնասելու ու պահպանելու անհրաժեշտության գիտակցումը: