«Ջհանգիրյանը գործել է ապօրինի դաշտում, նա կոծկել է մեղավորներին, հովանավորել` հանցագործներին»

«Մատաղիսի գործը» մոտենում է իր հանգուցալուծմանը: Դատարանը դեկտեմբերի 18-ին արդեն վճիռ կհրապարակի: Իսկ այսօր դատարանում ելույթ է ունեցել մեղադրյալի աթոռին հայտնված երեք երիտասարդների փաստաբանը: 9 տարի տևած դատական գործընթացը կավարտվի մի քանի օրից: «Մատաղիսի գործի» վերաբերյալ ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ:

– Տիկի՛ն Փոստանջյան, դուք ակնկալու՞մ եք, որ դատարանը ինը տարի անց կիրականացնի արդարադատություն Մատաղիսի գործի վերաբերյալ:

– Ոչ միայն ակնկալում, այլեւ պահանջում ենք դատարանից արդարադատություն իրականացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործընթացը, որը տեւում է շուրջ ինը տարի, ապօրինի է, մեղադրանքները ապօրինի են: Եվ ամբողջ նպատակն այն է, որ իրական մեղավորներին չբացահայտեն, և այն անձինք, ովքեր ներգրավված են եղել ապօրինի գործընթացի մեջ, չբացահայտվեն, իսկ նրանց մեղքը բարդեն անմեղ մարդկանց վրա, որպեսզի այդ սպանությունները չդասվեն չբացահայտված սպանությունների դասին:

– Դատարանը փոխեց մեղադրանքը՝ երիտասարդներն հիմա մեղադրվում են ոչ թե դիտավորյալ, այլ՝ անզգույշ սպանության մեջ:

– Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր, ըստ էության, նոր քննության: Բայց ահա թե ինչ տեղի ունեցավ… Հաշվի առնելով այն, որ այս երիտասարդները երեք  տարի գտնվել են անազատության մեջ, ուզում են գործարքի գնալ, դատապարտել նրանց՝ փոխելով մեղադրանքը՝ իբրև թե անզգույշ սպանություն է տեղի ունեցել և ավարտել գործի վարույթը:

– Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները՝ մեղադրյալների հարազատներն ու ակտիվիստները, պահանջում են դատարան հրավիրել նաև ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին: Նրան դատարան հրավիրելը ի՞նչ կտա քրեական գործի բացահայտմանը:

– Ես կարծում եմ և համոզված եմ, որ ինքը շատ քաջատեղյակ է, գիտի գործի բոլոր մանրամասները և կարող էր ժամանակին ինքը՝ Ջհանգիրյանը, բացահայտեր գործը և գտներ իրական հանցագործներին: Բայց դա չի արել, ընդհակառակը` գործել է ապօրինի դաշտում և կոծկել է բոլոր մեղավորներին: Բացի այդ` նաև անմեղ երիտասարդների նկատմամբ մեղադրանքի առաջ մղումը հենց իր մասնակցությամբ է տեղի ունեցել:

-Ու՞մ է թաքցրել ու հովանավորել, Դուք Իվան Գրիգորյանի՞ն ի նկատի ունեք, ո՞վ  է Իվան Գրիգորյանը, որին «Գել» են ասում, ո՞վ  է նա այս գործում:

– Ես կարող եմ միանշանակ պնդել, որ Իվան Գրիգորյանը ունի իր դերակատարությունը այս սպանությունների մեջ և դեռ ավելին, նրա նկատմամբ կային ուղղակի ցուցմունքներ` սպանություններ կատարելու և այլ զինվորների խոշտանգումների ենթարկելու հարցում: Այդ մասին քննություն բացարձակ չի կատարվել: Եվ սա խոսուն այն դեպքն է, որ Իվան Գրիգորյանին ցանկացել են ամեն ձևով պաշտպանել՝ ապօինի պաշտպանություն իրականացնելով նրա նկատմամբ:

Իվան Գրիգորյանը հատուկ պաշտպանյալ է, եւ իրենց պաշտպանության ներքո գտնվող անձ է, ում ցանկանում են այսօրվա ՀՀ իրավապահ մարմինները ամեն գնով պաշտպանել, որպեսզի նա չկանգնի դատարանի առջև:

Ենթադրաբար Իվան Գրիգորյանը շատ հեռու չի գտնվում եւ ցանկության դեպում ՀՀ իրավապահ մարմինները շատ հեշտ ու հանգիստ կարող էին Իվան Գրիգորյանին բերման ենթարկել դատարան:

Պետք չէ մոռանալ, որ նա սպանություններից հետո շարունակել է գտնվել ՀՀ զինված ուժերում եւ միայն վերջերս է զորացրվել: Հետեւաբար` 9 տարի էս գործը տևում է, 9 տարվա մեջ նա կարող էր հայտնվել դատարանում և պատասխանել պաշտպանական կողմի հարցերին: Սա տեղի չի ունեցել, իսկ ինչո՞ւ տեղի չի ունեցել, որովհետև նա գտնվել է հատուկ պաշտպանության ներքո:

Տեսանյութեր

Լրահոս