Երկու տարի է՝ գործում է Հայաստանի գիտական լրագրողների խումբը
«Այսօր լրանում է Հայաստանի գիտական լրագրողների խմբի ստեղծման երկու տարին. 2010թ. դեկտեմբերի 13-ին Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) կողմից այդ խմբի շրջանակներում տարածվեց մամուլի առաջին հաղորդագրությունը: Գիտական լրագրությունը գիտնականների և լրագրողների համագործակցություն է, և այդ խումբը ստեղծվեց Հայաստանում գիտական լրագրությունը և համապատասխան հրապարակումները խթանելու նպատակով:
Համապատասխան նյութերը էլ.-փոստով տարածվում են շահագրգիռ լրատվամիջոցներին և գիտության մասին գրող լրագրողներին, ինչպես նաև գործում է Հայաստանի գիտական լրագրողների ֆեյսբուքյան խումբը (որում այս պահին գրանցված է 285 գիտնական և լրագրող), որտեղ նույնպես տեղադրվում են բոլոր հաղորդագրությունները և լրացուցիչ նյութեր խմբի անդամների կողմից:
Մինչ այժմ` երկու տարվա ընթացքում, արդեն պատրաստվել և տարածվել է 205 հաղորդագրություն (միջինում՝ ամսական 8-9), որոնց արդյունքում հրապարակվել են շուրջ 2000 տեղեկատվական նյութեր տպագիր և համացանցային մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ավելին, այդ նյութերից առավել հետաքրքրականները հանգեցրել են լրացուցիչ հարցազրույցների, ծավալուն հոդվածների և մամուլի ասուլիսների:
Քանի որ հաղորդագրությունները տարածվել են ՀԱԸ կողմից, նրանք հիմնականում նվիրված են եղել աստղագիտական նորություններին, երկնային երևույթներին, Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ կողմից կազմակերպվող միջոցառումներին և աստղադիտարանում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև գիտնականների տարեդարձներին, հայկական և միջազգային գիտական այլ նորություններին:
Խմբի շրջանակներում կազմակերպվել են նաև սեմինարներ, այդ թվում` նվիրված աստղագիտական թեժ թեմաներին և գիտական լրագրությանը, աստղագուշակությանը, արտերկրային քաղաքակրթություններին, Հայաստանի ժայռապատկերներին և Արևմտյան Հայաստանին: Վերջապես, 2011թ. ՀԱԸ և Օքսֆորդի հայկական ընկերությունը համատեղ սահմանել էին գիտական լրագրության մրցանակներ, որոնք տարվա վերջում հանձնվեցին Բյուրականում:
Հայաստանի գիտական լրագրողների խումբը համացանցում գործում է ֆեյսբուքյան այս հասցեով.»:
Հայկական աստղագիտական ընկերություն