Առաջարկում են չեղյալ ճանաչել չկայացած լսումները (տեսանյութ)
«Ջերմուկի զարգացման կենտրոն» հ/կ-ն և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Պարոն նախարար,
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության ս. թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի Գետափնյա 16 հասցեում պետք է տեղի ունենար «Բի Էս Բի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումները, սակայն այն տեղի չունեցավ՝ ձեռնարկող «Բի Էս Բի» ՍՊԸ-ի ներկայացուցիչների չներկայանալու պատճառով:
Տեղեկացնենք նաև, որ ս. թ. նոյեմբերի 26-ին, նույն ընկերության կողմից այլ հասցեով հրավիրված հասարակական լսումները ճանաչվել էին չկայացած, քանի որ լսումների իրականացման վայրի վերաբերյալ տարածվել էր ոչ ստույգ տեղեկատվություն, իսկ լսումներ հրավիրող կողմը («Բի Էս Բի» ՍՊԸ) չէր ներկայացել: Սակայն «Բի Էս Բի» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Ավագյանը մեր հեռախոսազանգերին պատասխանել է, որ իր աշխատակիցները տեղում են և անցկացնում են հանրային լսումներ, սակայն դա այդպես չէր, բացահայտ ստել էր:
Այս անգամ «Բի Էս Բի» ՍՊ ընկերությունը որոշել էր տվյալ հասարակական լսումներն անցկացնել այլ հասցեով և նշանակել էր Ջերմուկ քաղաքի Գետափնյա 16 հասցեն: Սակայն, ինչպես արձանագրեցին ներկաները, այն բաց տարածություն էր, շենք-շինություն գոյություն չուներ, իրենք էլ չէին ներկայացել, որպեսզի մանրամասն տեղեկատվություն տրամադրեին:
Նշված օրը, նշանակված ժամին հանրության ներկայացուցիչներից բացի, հասարակական լսումներին մասնակացելու ակնկալիքով նշված վայր էին ժամանել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետը, Ջերմուկ համայնքի ՏԻՄ ներկայացուցիչը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետը, «Ջերմուկի զարգացման կենտրոն»ՀԿ-ի համանխագահն ու կամավորներ, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողը, իսկ լսումներ հրավիրող կողմը կրկին չէր ներկայացել:
Սույն փաստն արձանագրվել է ներկաների կողմից, նրանք տեղում կազմել են արձանագրություն «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի հերթական հասարակական լսումները չկայացած ճանաչելու վերաբերյալ և ներկայացվելու է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին:
Հարկ ենք համարում նշել նաև, որ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը, ով նույնպես ներկայացել էր լսումներին մասնակցելու ակնկալիքով, առաջարկեց հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և կամավորներին, որպեսզի նրանք համապատասխան արձանագրությունը կազմեն և ներկայացնեն «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին, քանի որ ինքը ժամանակ չունի, շտապում է վերադառնալ Երևան: Այն դեպքում, երբ այդ պարտավորությունն օրենքով դրված է լիազորված մարմնի՝ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, ազդակիր համայնքի ղեկավարների և ձեռնարկողի վրա («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդ.»):
Չնայած, հարկ ենք համարում նշել նաև, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ կազմակերպելու և անցկացնելու արարողակարգը որոշում է ՀՀ կառավարությունը, ինչը մինչև օրս չի ընդունվել՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից (օրենքն ուժի մեջ է մտել 14.12.1995թ.):
Կարծում ենք, որ այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը, քանի որ համապատասխան իրավական ակտի նախագիծը պետք է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմվեր և ներկայացվեր ՀՀ կառավարությանը: Սա ևս թույլ է տալիս մեզ նշելու, որ սկսած 1995թ. դեկտեմբերի 14-ից մինչև օրս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն տրամադրելուց առաջ նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումները փաստացի կազմակերպվում և անցկացվում են օրենքի պահանջների խախտմամբ և իրավական ակտի բացակայության պայմաններում:
Ինչ վերաբերում է «Բի Էս Բի» ՍՊ ընկերությանը, ապա պետք է նշենք, որ նրա գործելաոճն արդեն վկայում է այն մասին, որ նա անպատասխանատու, անհետևողական ընկերություն է, որի ղեկավարը բացահայտ կեղծ տեղեկություն է փոխանցում շահագրգիռ հանրությանը և երկրորդ անգամ իր մեղքով տապալում հասարակական լսումները: Այս ընկերությունն արդեն վստահություն չի ներշնչում ազդակիր համայնքի և հանրության մեծ զանգվածի մոտ:
Ավելին, «Բի Էս Բի» ՍՊ ընկերությունն իր իսկ կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի փաստաթղթերում «Անկան» գետի փոխարեն նշում է «Գորիս» գետ: Դե ֆակտո իր կողմից փոքր ՀԷԿ-ը կառուցվելու է ոչ թե «Գորիս», այլ «Անկան» գետի վրա: Անհասկանալի է նաև, թե ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված “Գնդեվանք” ՓՀԷԿ-ի փաստաթղթերն ինչ առնչություն ունեն «Գորիս» գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ի փաստաթղթերի հետ:
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք «Բի Էս Բի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումները, որը նշակաված էր ս. թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի Գետափնյա 16 հասցեում, չեղյալ ճանաչել և առհասարակ մերժել տվյալ ընկերության կողմից ներկայացված վերը նշված նախագծային փաստաթղթերը և այլևս չանդրադառնալ այդ նախագծին:
«Ջերմուկի զարգացման կենտրոն» հ/կ
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
13.12.12թ.
http://youtu.be/MIZtBYxz6IE