Ուզածներս ո՞րն ա. մամուլ
«Զգուշացում. այս հոդվածի մեջ կրկին ոչինչ չկա Ծառուկյանի և ԲՀԿ-ի մասին, բայց, ցանկության դեպքում, կարող եք թեման գտնել ենթատեքստում»,- «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրում է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը և շարունակում.
Մեկ մեկ ինձ թվում է, որ մենք մեզ ընդդիմադիր համարող Հայաստանի քաղաքացիներս, ու դրա առավել ակտիվ միջուկն այդքան էլ լավ չենք հասկանում` ի՞նչ ենք ուզում ու ինչի՞ համար ենք պայքարում: Ոչ այն է` իշխանափոխությունն է մեր նպատակը, ոչ այն է` ինչ-որ բարի ու լավ բան ընդհանրապես, ոչ այն է` հրաշք, ոչ այն է… Մի մասն էլ, կարծես, իրականում ոչինչ էլ չի ուզում, բացի Ֆեյսբուքում ինքնարտահայտվելուց ու վիճակը վատ է, սարսափելի է, երկիրը կործանվում է երգը երգելուց:
Պատկերացումները զարգացումների մասին, կարծես, փոխառում ենք ոչ թե սեփական կամ այլ երկրների փորձից, ոչ էլ նույնիսկ անտեր եղած պատմությունից, այլ դպրոցում անցած բանաստեղծություններից ու վեպերից էլ չէ` դրանցից մնացած մշուշոտ կիսահուշերից: Օրվա քաղաքական կոնյուկտուրան չեմ ուզում խառնել գրածիս` հավես չկա. առանց դրա էլ ցանկացած` նույնիսկ տեսական ասելիք շատերն ի զորու են ընկալել միայն օրվա քաղաքական անցուդարձի լույսի ներքո: Չեմ բողոքում, բայց ավելի լավ է արդեն ինչ- որ տեղ պատմական փորձ դարձածից խոսեմ:
2008-ին Հրապարակում հավաքվածներս կարծես հստակ գիտեինք, որ իշխանափոխություն ենք ուզում, իհարկե` ոչ թե ինքնանպատակ, այլ` որպես երկրում իրական փոփոխության հասնելու միջոց: Ինքս քաղաքականացված մարդ չեմ եղել, չնայած միշտ էլ հետաքրքրվել եմ քաղաքականությամբ: Ես եղել եմ մեկը հարյուր հազարներից, ով եկել էր Հրապարակ որպես քաղաքացի ավելի արդար ու երջանիկ երկիր տեսնելու երազանքով: Բայց միաժամանակ մարդը չի կարող չիմաստավորել իր հետ տեղի ունեցածը, փորձը գիտելիքի վերածել: Շուրջօրյա հանրահավաք էինք անում, և ի՞նչն էր մեր հույսը: Որ Քոչարյանն ու Սարգսյանը կամովին կհանձնե՞ն իշխանությունը:
Իհարկե, զանգվածային ճնշումն ուժեղ գործոն է, բայց ինքնանպատակ չէ, ինքնին հարց լուծող չէ: Որպեսզի այդ ճնշումը նպատակին հասնի, պետք է հավելվեն այլ ուժային գործոններ երկրի ներսում կամ դրսից: Դրսից մենք որևէ օգնություն չունեինք, և դա հրաշալի գիտեն նախևառաջ նրանք, ովքեր մեզ մեղադրել են այդպիսի աջակցություն ունենալու համար: Մնում էր ներսը: Հաջողության հասնելու միակ տարբերակը ընդդիմության համար` նման դեպքերում իշխանության մեջ եղած մարդկանց և խմբերի կամ բացահայտ անցնելն է ընդդիմության կողմը, կամ էլ չեզոք դիրք գրավելը, մանավանդ, եթե խոսքը ուժայինների մասին է, որովհետեւ վերջին հաշվով իշխանության հարցն ուժի հարց է:
Մի պահ ունեցանք այդ գործընթացի սկիզբը մեր կողմն անցան իշխանամետ մի քանի պատգամավորներ (հաստատ` ոչ մեր կողմից շատ սիրելի դեմքերից), նաև Գագիկ Ջհանգիրյանը: Ուրախանում էինք: Հետո սկսվեցին ցայսօր շարունակվող անվերջ խոսակցությունները, թե` բա Ջհանգիրյանն այսպիսին է, այնպիսին է, իշխանության մաս է եղել: Բայց, եթե մենք իրապես իշխանափոխություն էինք ուզում, այլ ոչ թե միայն 10 օր երգ ու պար Հրապարակում, ապա հաջողության հասնելու համար ոչ թե Ջհանգիրյանի, այլ նրանից 100 անգամ ավելի ոչ դուրեկան դեմքերի պետք է պատրաստ լինեինք ընդունել մեր շարքերը` ընդհուպ մինչեւ ՊՆ եւ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ: Բա այդ ժամանակ ի՞նչ էինք «երգելու»:
Ծիծաղելի է, եթե ոչ զարհուրելի` կարծել, թե խաղաղ հեղափոխություններն այլ կերպ են լինում: Բայց չստացվեց այդ սցենարը, տվյալ դեպքում կարևոր չէ, թե ինչու: Եղավ Մարտի մեկ: Մինչև հիմա ասում են` այ, եթե մարտի մեկին ժողովուրդը գնար վճռական գործողությունների… Անկեղծ եմ ասում, որևէ նախապաշարմունք չունեմ և ընդունում եմ ժողովրդի` որպես երկրի գերագույն իշխանության ապստամբելու իրավունքը, բայց որքան փորձել եմ պատկերացնել, թե ինչպե ս է անզեն ժողովուրդը հաջողության հասնում ընդդեմ զինված բանակի, ոստիկանության և բանդաների, այդպես էլ չեմ հասկացել: Ախր, զինված հեղաշրջումները չեն լինում զանգվածային, իսկ զինված ապստամբությունը կամ ֆիդայական պայքարը լրիվ այլ պատմություն է, որի պատմական օրինակներին եթե մի օր չալարենք ծանոթանալ, կհասկանանք, որ քաղաքի կենտրոնում միտինգ չեն անում նման գործ կազմակերպելու համար, և որ առանց ռեսուրսի և կազմակերպության` չի լինում նման բան:
Միայն պոեզիայում են ամբոխները խելագարված իրենք իրենցով իշխանություն գրավում, ու միայն Հայոց պատմության սովետական դասագրքերում են, որ ֆիդայիներն իրենք իրենցով հայտնվում են լեռներում: Սեփական օրինակից բան չհասկացանք: Շատ լավ: Մեր աչքի առաջ մի քանի իշխանափոխություն տեղի ունեցավ մեր մեծ տարածաշրջանում: Վրաստանում ու Ուկրաինայում 2003-04-ին ուժայինները չենթարկվեցին իշխանության հրամանին` արտաքին հզոր աջակցության պայմաններում: 2011-ին Եգիպտոսում բանակը չեզոք դիրք գրավեց, իսկ հետո Մուբարաքին «դավայ-դասվիդանիա» ասեց: 2011-12 Լիբիայում և Սիրիայում իշխանության հարցը քաղաքացիական պատերազմի արտաքին աջակցության գործոններով լուծվեց և լուծվում է: Բայց այս ամենն իզուր եմ գրում:
Մարդկանց թվում է, որ իրենք «մաքուրով» պետք է լուծեն իշխանության հարցը: Կամ էլ ընդհանրապես իրականում չեն ուզում այդպիսի հարց դնել և լուծել: Չի լինում զանգվածային շարժում, հասարակական լայն մոբիլիզացիա առանց «անդուր դեմքերի», եթե միայն ընկերներով ենք ուզում մնալ, ապա ընկերներով էլ կմնանք:
Հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը: Ես վաղուց եմ ենթադրում, որ Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե անգրագետներն են, այլ յանիմ գրագետները: Գնալով միայն համոզվում եմ, որ ճիշտ եմ»: