ԿԲ-ն կանխատեսում է, որ գնաճը կշարունակի մոտենալ 4%-ին
2012 թ. դեկտեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 2012 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.4% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%՝ գտնվելով նպատակային ցուցանիշին մոտ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Խորհուրդն արձանագրեց, որ նոյեմբերին դիտված մակրոտնտեսական զարգացումները հիմնականում ընթացել են Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Արտաքին հատվածում պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները, որի պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում կշարունակի պահպանվել հիմնարար լարվածությունը: Այս պարագայում, ներքին գների վրա արտաքին հատվածի ազդեցությունը կլինի թույլ գնաճային:
Խորհուրդը գնահատեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում պահպանվել են մասնավոր ծախսումների բարձր աճի տեմպերը: Միաժամանակ, այդ ընթացքում դիտվել է ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների բարձր աճ և հարկաբյուջետային քաղաքականության առավել զսպող ազդեցություն համախառն պահանջարկի վրա: Արդյունքում, ՀՀ տնտեսությունից ակնկալվող ազդեցությունը ներքին գների վրա եղել է թույլ գնաճային:
Հաշվի առնելով 12-ամսյա գնաճի ցուցաբերած փաստացի վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների զարգացման հեռանկարում թույլ գնաճային միջավայրի պահպանումը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում դեկտեմբերին շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխումից: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կշարունակի մոտենալ 4% նպատակային ցուցանիշին և կպահպանվի դրա շրջանակում: