Սիլիկոնային հովտում մեկնարկեց «ԱրմԹեք 2012» համաժողովը
Այսօր Սիլիկոնային հովտում մեկնարկեց «ԱրմԹեք 2012» համաժողովը, որն ընթանում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում «Սովորելով անցյալից և կերտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովը հյուրընկալել է Սթենֆորդի համալսարանի քաղաքաշինության և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը:
Արդեն հինգերորդ անգամ անցկացվող այս համաժողովին մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների շուրջ 120 ղեկավարներ, հետազոտողներ, ակադեմիական ոլորտի և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական պաշտոնյաներ Հայաստանից: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ուրվագծել զարգացման հեռանկարները և ընդլայնել ԱՄՆ գործարարության հնարավորությունները:
«ԱրմԹեք 2012» համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, «Վիասֆեր տեխնոպարկ»-ը, Զարգացման հայկական գործակալությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատը և Հայկական միջազգային միջմասնագիտական խումբը (G2IA):
«ԱրմԹեք» 2012 համաժողովի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է բիզնեսը բիզնեսին (B2B) ձևաչափով հանդիպումների անցկացմանը, Սիլիկոնային հովտում տարբեր ընկերություններ գործնական այցերի կազմակերպմանը, համաժողովի մասին իրազեկմանը, ինչպես նաև կազմակերպման աշխատանքների իրականացմանը:
Այս տարի կազմակերպվելու են չորս պանելային ինտերակտիվ քննարկումներ են, որի ընթացքում բանախոսներն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ներկայացնել և քննարկել առաջիկա տարիներին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները:
«Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանում. Վերջին զարգացումներն ու հաջողության պատմությունները» խորագիրը կրող առաջին քննարկումը կվարի Միացյալ Նահանգներում հայտնի գրող և սյունակագիր Մայքլ Մելոունը: Քննարկման հյուրերը կլինեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, «Սինոփսիս» (Synopsys), «Ինթել» (Intel) և «Դե-Լինք» (D-Link) կորպորացիաների բարձրաստիճան ղեկավարներ:
«Հետազոտություններ, նորարարություն և մասնագիտական աճ» խորագրով երկրորդ քննարկման հյուրերը կլինեն պրոֆեսորներ և տնօրեններ Սթենֆորդի և Հայաստանի ամերիկյան համալսարաններից, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնից և «Լույս» հիմնադրամից: Երրորդ քննարկումը կկոչվի «Բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները», որի բանախոսները կլինեն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Համահայկական բանկի, Զարգացման հայկական գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրենները, «Պրագմա» կորպորացիայի փոխնախագահ Փոլ Դեյվիսը և «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» կազմակերպության կողմից կառավարվող «Կովկասի աճի ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը:
Չորրորդ քննարկումը կանցկացվի «Նայելով առաջ. մարտահրավերներ, հնարավորություններ, գործոններ և հաջողություններ» խորագրի ներքո: Բանախոսները կլինեն «Փի-Դի-Էֆ Սոլյուշընս» (PDF Solutions), «Սոուրսիո» (Sourcio), «Նեշնըլ Ինսթրումենթս Արմենիա» (National Instruments Armenia), «Մոթորոլա Մոբիլիթի» (Motorola Mobility) և «Սիսկո» (Cisco) ընկերությունների առաջատար փորձագետներ: