Խնդրվում է չհարամել ընտրությունները

«Հանրության մեջ կոլապս գոյություն ունի: Անկախ նրանից՝ ով առաջադրվի, թե` ոչ, չկա այդ հետարքրությունը : ԲՀԿ-ի հետ կապված մի փոքր ինտրիգ կար, բայց դա անցավ: Սա նաև վտանգավոր է մեր ժողովրդի համար, քանի որ ակտիվությունն այս փուլում բերում է ընտրական պրոցեսների վերահսկելիությանը և ավելի արդար թափանցիկ ընտրությունների կազմակերպմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար  Հովհաննես Սահակյանը:

168.am-ի հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն այսօր իր մրցաիկցներին ավելի թույլ է համարում, քան նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չէի ասեի, որ այսօրվա մրցակիցներն ավելի թույլ են, բայց հանրությունն  է այդ հավատը, սպասելիքները կորցրել  ընդդիմությունից»:

Նրա խոսքով, երբ ինքը նախկինում հանդիպում էր Սպիտակի տարածաշրջանից իր ընտրողների հետ, անընդհատ իրեն հարցնում էին երկրի իրավիճակի փոփոխությունից, ընդդիմության գործունեությունից, իսկ հիմա, ըստ նրա՝ մարդիկ պարզապես անտարբեր են դարձել: Այն, որ ընդդիմությունը` մասնավորապես ՀԱԿ-ը, հասարակական մեծ աջակցություն այլևս չունի, ըստ բանախոսի, ապացուցվում է նաև խորհրդարանում ընդդիմության ներկայացուցվածությամբ:

«Մենք տեսանք, որ անգամ յոթ տոկոսի շեմը հազիվ հաղթահարած ուժը մեկ բողոք չհայտնեց, այսինքն` իրենք գիտեն իրենց իրական պատկերը»,- նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի և մյուս քաղաքական ուժերի դիրքորոշմանը, ապա Հովհաննես Սահակյանի կարծիքով, ՀՀԿ-ի համար դա  որոշիչ դեր չի ունենա. եթե կսատարեն ՀՀԿ-ի թեկնածուին՝ իրենց միայն կողջունեն, հակառակ դեպքում՝ կխնդրեն, որպեսզի չհարամեն ընտրությունները:

ՀՀԿ ներկայացուցիչը նշեց նաև, որ իրենք նախընտրական նախապատրաստական պրոցեսների մեջ են  և զբաղված չեն նախընտրական PR-ով, ինչպես, օրինակ, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»:

Որպես օրինակ նա նշեց «Ժառանգության» նախաձեռնած ստորագրահավաքը՝ այն համարելով նախընտրական ակցիա:

Տեսանյութեր

Լրահոս