Վալերի Գործունյանը նկարներ է հավաքում, Խաչիկ Գևորգյանը՝ պատկերազարդ ափսեներ
«Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր Վալերի-Աշխեն Գործունյանն արդեն 25 տարի արվեստի գործեր` նկարներ է հավաքում: Իր հավաքածուի մեջ հատկապես առանձնացնում է ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի ստեղծագործություններից այս մեկը` հսկայական այս կտավը: Ի դեպ, Վալերին 7 տարեկանից` Կամերունում եղած ժամանակներից, նաև բանալիների համար նախատեսված բրելոկներ է հավաքել, որոնք նա մինչ օրս պահպանել է:
Ի դեպ, Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներից շատ-շատերն են սկսել արվեստի աշխատանքների հավաքածուներ հավաքել՝ հիմնականում տարբեր ժամանակաշրջանների հայ նկարիչների ստեղծագործություններ, որոնց մենք առաջիկայում կանդրադառնանք:
«Արմակադի»` Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի նախագահ, Եվիստա (www.yevista.am) կազմակերպության գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանն իր մայրիկի հետ, արդեն մոտ 10 տարի, տարբեր երկրների, քաղաքների ու համալսարանների անունները կրող ափսեներ է հավաքում։ Հավաքածուն արդեն ունի ավելի քան 130 նմուշ։
Խաչիկին դրանում օգնում են նաև իր ընկերները: Նա նույնիսկ սոցիալական ցանցի միջոցով դիմել էր ընկերներին. «Խնդրում եմ, եթե ճամփորդում եք որևէ երկիր, ապա տեղեկացրեք ինձ, թե որ քաղաքում ու երկրում եք։ Եթե չունենամ այդ անվանումով ափսե, ապա կխնդրեմ, որ մեկ հատ բերեք ինձ համար։ Պատրաստ եմ վճարել։ Շնորհակալություն»։ Խաչիկն ափսեի ետևում գրում է, թե ով է բերել իր համար, կամ` որտեղից է ձեռք բերել այն: