Դավիթ Հակոբյանը գտել է բյուջեն ավելացնելու մեթոդը

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում առաջարկեց ընտրությունները բոյկոտի ենթարկող քաղաքացիներին տուգանել «թեկուզ 500 դոլարով»: Ըստ նրա՝ սրանով կավելանա և՛ ընտրության մասնակիցների, և՛ պետական բյուջեի թիվը:

Նա նշեց, որ զարգացած բոլոր երկրներում քաղաքացին պարտավոր է մասնակցել պետական մեքենայի ձևավորման գործընթացներին, կատարել իր քաղաքացիական պարտքը, բայց Հայաստանում, Դավիթ Հակոբյանի խոսքերով, նման միտում չի նկատվում:

«Այս ընտրական իրավունքով ակնկալել, որ իշխանափոխություն կլինի, մանկամտություն է: Տեսեք՝ մեզ պարտադրում են ուժային կառույցների վերահսկողության տակ ապահովագրել ավտոմեքենան, բայց չեն պարտադրում մեր՝ ընտրություններին մասնակցելու պարտադրանքով, ապահովագրել պետական մեքենան, չնայած՝ պարտավոր են: Նրանք գերադասում են ավելի շատ ավտոմեքենայի, քան պետական մեքենայի անվտանգությունը: Բայց այս դեֆեկտի պատճառը հասկանալի է. որքան քիչ է մարդկանց մասնակցությունն ընտրություններին, այնքան մանդատը գնելը հեշտ է»,- կարծում է Դ. Հակոբյանը:

Վերջինս վերոնշյալ քաղաքականության հետևանք է համարում նաև թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած ԱԺ լրացուցիչ ընտրությունները: «Նրանց սխոլաստիկ և հանցագործ մտածելակերպի արդյունքն էլ լրացուցիչ ընտրություններն էին, որոնք ևս մեկ անգամ հաստատեցին իմ այն վարկածը, որ ընտրական իրավունքը ստեղծված էր հատուկ վերևի իշխանափոխության համար: Եթե հիշում եք, այդ ընտրություններում, քաղաքացիների 70 տոկոսը բոյկոտեց դրանք, իսկ 30 տոկոսն էլ գնացել էին կոռուպցիայով: Նույնը և սպասվում է նախագահական ընտրություններում, եթե չկիրառվի իմ առաջարկը»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս