Գագիկ Ծառուկյանի կոմպլեմենտար քաղաքականությունը (տեսանյութեր)

Անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության Բրյուսել կատարած այցն ուշագրավ էր ոչ միայն առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության, այլև Հայաստանի` մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունն ունեցող կուսակցության արտաքին քաղաքական կողմնորոշումների տեսանկյունից: Բրյուսելում Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները հանդիպեցին եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում, դատելով դրանց մասին պատմող ԲՀԿ-ի հայտարարությունից, Գ. Ծառուկյանը ներկայացրել է եվրաինտեգրման, Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին կուսակցության դիրքորոշումները:

«Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան  պաշտոնյային՝ ԲՀԿ  նախագահ  Գագիկ Ծառուկյանը  նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է եվրոպական կուսակցությունների  հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի  գերակայություններից մեկն է»,- նշված է Գ. Ծառուկյանի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպման մասին պատմող՝ ԲՀԿ-ի հաղորդագրության մեջ: Մեկ այլ հանդիպման մասին պատմող հատվածում ասված է. «Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն Բրյուսելում է եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից է»: «Պաշտոնական այցի վերջին հանդիպումը Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ է կայացել: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման շրջանակներում Գագիկ Ծառուկյանը նախ ներկայացրել է այցի նպատակները`ընդգծելով, որ ԲՀԿ-ն կարևորում է եվրոպական գործընկերների հետ անձնական շփումներն ու օրակարգային մի շարք հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը:

ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև կուսակցության մոտեցումները Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման ուղիների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ասոցիացման համաձայնագրի, ինչպես նաև՝ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացին: Իր հերթին՝ Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խիստ անհրաժեշտ է, և այդ բարեփոխումների իրականացման համատեքստում կարևորվում է նաև ԲՀԿ դերակատարումը»,- նշված է բրյուսելյան այցն ամփոփող հաղորդագրության մեջ:

Բացի այս հաղորդագրություններից, բրյուսելյան այցի վերաբերյալ հավելյալ պարզաբանումներով հանդես եկավ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Նախ, անհրաժեշտ էր, որ ԲՀԿ-ն` որպես Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժ, ներկայացներ իր տեսակետները երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ: Երկրորդ, կարևոր էր, որ Եվրոպական Միությունը` որպես Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, ԵՄ-Հայաստան ծրագրերի իրականացման հարցում ԲՀԿ-ին ընդուներ և ընկալեր որպես հուսալի գործընկեր: Երրորդ, անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է և այնքան էլ չի դավանում եվրոպական արժեքները: Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակներին: Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճ Հայաստանը» և ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ: Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ն ինչ պատասխանատվություն կարող է վերցնել իր վրա ոչ միայն օգնելու ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ ասոցիացման և Ազատ առևտրի մասին համաձայնագրերի բանակցությունների փուլը, այլև անցնելու դրանց գործնական կիրառմանը: «Բարգավաճ Հայաստանին» հիմնականում հետաքրքրում էր, թե որն է Եվրոպական Միության անկեղծ և օբյեկտիվ գնահատականը Հայաստանում ընթացող գործընթացների, բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ-ի հետ ծրագրերի հարցում: ԲՀԿ-ին նաև հետաքրքրում էր, թե ինչ կարելի է անել, որ այդ համագործակցությունը միայն թղթի վրա չլինի, այլ, որ պահպանվեն ձեռք բերվող պայմանավորվածությունների տառն ու ոգին:Կարծում եմ՝ երկուստեք ստացանք մեր հարցերի պատասխանները»:
Մի խոսքով, ԲՀԿ-ի բրյուսելյան այցն ամբողջությամբ ներկայացվեց այդ կուսակցության` եվրոպական արժեքներին նվիրվածության, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը խորացնելու պատրաստակամության լույսի ներքո:

Կարդացեք նաև

Այս արձանագրումը չափազանց կարևոր է ոչ միայն ԲՀԿ-ի`միակողմանի ուղղվածություն ունեցող և եվրոպական արժեքները չդավանող ուժ լինելու թյուրըմբնման իմաստով, ինչպես նշել է պարոն Օսկանյանը: Այն, ինչը Վարդան Օսկանյանն անվանում է «թյուրըմբռնում», իրականում եղել է առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական դիրքորոշումը, համոզվածությունը, գուցե հավատամքը, որը նա արտահայտել է դեռևս այն ժամանակ, երբ պարոն Օսկանյանը զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը: Ստորև ներկայացվող տեսանյութերից մեկում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արտահայտում է իր և կուսակցության դիրքորոշումը մի շարք հարցերի, այդ թվում` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Մյուս տեսանյութում ներկայացված են անցած շաբաթ Բրյուսելում Գագիկ Ծառուկյանի կողմից արված հայտարարությունները.

Տեսանյութեր

Լրահոս