«FORPOSTART»-ը դատի է տալու Մարզահամերգային համալիրի սեփականատիրոջը
«Համալիրի սեփականատերը մեզ պարտք է ավելի քան 20 մլն դրամ»,- ասում է Զառա Մխեյանը
«FORPOSTART» համերգների կազմակերպմամբ, պրոդյուսինգով զբաղվող ընկերությունը տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, համերգային տարբեր նախագծեր է իրականացնում: Բուն կազմակերպությունը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն տարբեր քաղաքներում, ադ թվում` Երևանում, կազմակերպությունն ունի իր ներկայացուցիչները:
Վերջին 15 տարիների ընթացքում «FORPOSTART» կազմակերպությունը` կազմակերպության տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանի գլխավորությամբ, ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համերգների հիմնական մասը կազմակերպում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանում բավական բարդ է համերգային գործունեությամբ զբաղվելը, առավել ևս, երբ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ մեծ նախագծերի իրականացման միակ մեծ դահլիճը համալիրն է: Զառա Մխեյանի հետ մեր զրույցը ծավալվեց այդ խնդիրների շուրջ: Նրա ղեկավարած կազմակերպությունը որոշել է դատի տալ Մարզահամերգային համալիրի ղեկավարությանը, մասնավորապես` Հարություն Մուրադյանին:
Հիշեցնենք, որ 2008թ. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» սեփականաշնորհվեց «ԲԱՄՕ Մետալ» ընկերության սեփականատեր, Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի և նրա երկու եղբայրների կողմից` Բորիս և Հարություն Մուրադյանների: Այն ժամանակ Մուրադ Մուրադյանն ասուլիսում հայտարարեց, թե համալիրը գնելու համար առաջարկել է 5 մլն դոլար, սակայն ՀՀ կառավարությունն առաջարկել էր 5,7 մլն դոլար, այդ գնով էլ կնքվել էր պայմանագիրը: Նա խոստացել էր, որ իր և եղբայրների կողմից կներդնեն 9-10 մլն դոլար, ինչը չարվեց:
Մարզահամերգային համալիրն այս պահին փոքր-ինչ անհասկանալի կարգավիճակում է: Ինչպես հայտնի է` եղբայրների միջև տարաձայնություններ են առաջացել, գրեթե երկու տարի է, ինչ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
Ըստ շրջանառվող լուրերի` Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ կառավարությունը գումարը հատկացրել է Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Ժամանակին Մուրադյաններից Բորիս Մուրադյանը հաստատել էր նման գործարքի գոյության փաստը:
Ավելին, «168 Ժամի» տեղեկություններով, սակայն, 2009թ. ՀՀ-ին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար է տրամադրվել ԲԱՄՕ ընկերության սեփականատերերին, և 2011 թվականից սկսած՝ վարկային պարտավորությունների կատարման հետ կապված՝ խնդիրներ են առաջացել: «168 Ժամի» հետ զրույցում վերջերս Մուրադ Մուրադյանն ասել էր, թե Մարզահամերգային համալիրի հիմնական բաժնետերը իր մյուս եղբայրն է` Բորիս Մուրադյանը:
Այժմ, սակայն, խոսակցություններ են շրջանառվում, որ Բորիս Մուրադյանն էլ այլևս չի զբաղվում Համալիրով: Ինչևէ: Ի՞նչն է պատճառը, որ Զառա Մխեյանը որոշել է դատի տալ Համալիրի սեփականատերերից մեկին` Հարություն Մուրադյանին:
– Ինչպե՞ս են անցնում համերգային ծրագրերի նախապատրաստումն ու ընթացքը Հայաստանում:
– Վերջին 3 տարիների ընթացքում կազմակերպված համերգների կազմակերպչական աշխատանքներն անցնում են շատ ծանր, մեծ բարդություններով: Պատճառը Մարզահամերգային համալիրի աշխատակազմի ոչ պրոֆեսիոնալ մակարդակն է. այնտեղ մենեջմենթ հասկացություն բացարձակ չկա: Չկա համապատասխան տեխնիկա, աշխատակիցների մեծ մասը չի պատկերացնում իր աշխատանքը:
Միջազգային որևէ արտիստ իր տեխնիկական պահանջներն ունի, որոնք նա ներկայացնում է համերգը կազմակերպելուց առաջ: Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արտիստների տեխնիկական պահանջները պայմանագրով ամրագրվում են, երկկողմանի համաձայնեցվում են, սակայն իրականում այդ պահանջները չեն բավարարվում: Պայմանագրում նշված դրույթները Համալիրի աշխատակազմը խախտում է:
Թղթի վրա այլ բան է, իրականում` այլ: Բազմիցս պահանջել ենք, որպեսզի պայմանագիրը ստորագրելուց առաջ մեր մասնագետները գնան, տեխնիկայի սարքին կամ անսարք վիճակը ստուգեն: Համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանը, սակայն, չի համաձայնում, անգամ սպառնում է, թե՝ կամ այսպես կընդունեք դահլիճը, կամ ընդհանրապես չեք ստանա այն: Այսպիսի վիճակ է:
– Որքա՞ն գումար եք վճարում Մարզահամերգային համալիրի դահլիճը մեկ օրով վարձակալելու համար:
– Վճարվում են շատ մեծ գումարներ: Հատուկ մեր կազմակերպության համար Համալիրի սրահի մեկ օրվա վարձակալությունը 12մլն դրամ է, որը շատ բարձր գին է: Չգիտեմ` ինչո՞վ է դա պայմանավորված: Սակայն հարցը միայն այս 12 մլն դրամով չի ավարտվում: Ամեն օր մենք ինչ-որ հավելյալ գումարներ ենք պարտավորվում վճարել: Մեկ` լույսի համար, մեկ` ջերմության ապահովման, մեկ` տեխնիկայի: Նման բան մեր պայմանագրում նշված չէ, բայց ստիպված վճարում ենք, որպեսզի համերգը չխափանվի: Չես կարող երգչին բերել-հասցնել քո երկիր, հետո ասել` կներես, համերգը տեղի չի ունենալու…
– Ինչպե՞ս եք պայմանագիր կնքում: Ի՞նչ պայմաններով:
– Մենք անգամ չենք կարողանում համալիրի տնօրինության հետ պայմանագիր կնքել երկկողմանի համաձայնությամբ: Ըստ պայմանագրի նշանակության, կողմերը համաձայնության են գալիս, քննարկում են բոլոր դետալները, անհրաժեշտ հարցերը, ապա կնքում պայմանագիրը: Իսկ այստեղ նման բան չկա: Միգուցե այստեղ 90-ական թվականներն են, կամ էլ քարե դարն է, չգիտեմ, բայց ոչ մի չափանիշերի մեջ տեղավորել չեմ կարող այն, ինչ հիմա կատարվում է Մարզահամերգային համալիրում: 12 մլն դրամից հետո սկսվում են մնացյալ հարցերը` այս կաբելի համար այսքան գումար վճարեք, բեմական այս լույսի համար՝ այսքան, և այլն: Արդյունքում՝ ստացվում է ահռելի մեծ գումար:
Պայմանագրի մեջ մտնում է շատ քիչ քանակությամբ տեխնիկա, որի զգալի մասը չի աշխատում: Ամեն ինչ արվում է, որպեսզի համերգները չկայանան: Այս խնդրի առաջ միայն մենք չենք կանգնած, բայց, չգիտես ինչո՞ւ, մարդիկ վախենում են բարձրաձայնել: Մենք ունենք նաև պայմանագիր, որը կապված է տոմսերի վաճառքի հետ: Տոմսերը վաճառվում են նաև Համալիրի դրամարկղերում:
Մենք դրա համար մեծ գումարներ ենք վճարում, նաև վճարում ենք Համալիրի առջև գովազդային պոստերներ ամրացնելու համար: Եթե այս ամենն արժե «x» գումար, մենք վճարում ենք երկու անգամ ավելի թանկ գին: Այս ամենը դեռ քիչ է, ամեն անգամ նոր պարտավորվածություններ են արհեստականորեն մեզ համար ստեղծվում:
– Գիտեմ, որ վերջերս Իրինա Ալեգրովայի համերգի կազմակերպման ընթացքում ևս շատ խոչընդոտներ առաջացան: Կմանրամասնե՞ք, ինչի՞ հետ էր դա կապված:
– Սա առաջին համերգը չէր, որի ընթացքում մենք մեծ խնդիրների առաջ ենք կանգնում: Այս վիճակն արդեն մի քանի տարի ձգվում է: Սեփականատեր լինելը չի նշանակում՝ մենեջեր լինել: Այդ մարդը չի կարող ղեկավարել: Ես չգիտեմ` նա ի՞նչ կրթություն ունի, բայց, եթե սեփականատեր է, թող լինի սեփականատեր` չխառնվելով կազմակերպչական հարցերին, քանի որ նա այդ ամենից ոչինչ չի հասկանում:
Երևանում կան մենեջերներ, ովքեր կկարողանան այդ գործն անել, թող նրանք նշանակվեն այդ պաշտոնին և աշխատեն: Եվ դրանից կշահի, առաջին հերթին, իրենց բիզնեսը` Համալիրը: Նախորդ տարիներին էլ են նման խնդիրներ եղել, բոլոր տնօրենների օրոք էլ խայտառակություն է եղել: Պետք է լինի բիզնես հասկացություն, գործընկերների հետ ճիշտ համագործակցություն պետք է լինի: Նա, բացի այն, որ չի աջակցում, արդեն 3 տարի է` ամեն բան անում է՝ իմ կազմակերպած համերգները տապալելու համար: Իրինա Ալեգրովայի համերգի նախորդ օրը տեխնիկա է գալիս Համալիր, հավելյալ տեխնիկա, որը չկար դահլիճում:
Ես և Իրինա Ալեգրովայի տեխնիկական թիմը, մեզ հետ միասին՝ մի քանի մեքենաներ` լի տեխնիկայով, մնում ենք Համալիրի դռների առջև կանգնած, քանի որ Համալիրի սեփականատերը հրամայում է, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո դռները փակվեն, և մեզ ներս չթողնեն: Ոչ մի երկրում նման բան չկա, որ տեխնիկան ժամը 18:00-ից հետո չկարողանաս ներս մտցնել: Բոլոր ցիվիլ երկրներում համերգային դահլիճների աշխատակիցներն ամբողջ օրը, եթե պետք լինի` նաև գիշերը, քո կողքին կկանգնեն, որպեսզի ամեն բան հավուր պատշաճի լինի:
Ես և Ալեգրովայի թիմի անդամներն այնքան կանգնած մնացինք Համալիրի դռների մոտ, մինչև մի քանի զանգեր չեղան, և մենք, հեռախոսների լույսերի ուղեկցությամբ, հետնամուտքից ներս մտանք Համալիր: Սա աննորմալ երևույթ է: Կամ պետք է հավելյալ մեծ գումար վճարեինք, որպեսզի ներս մտնեինք, կամ պետք է ինչ-որ մարդիկ խառնվեին այդ հարցերին, որ իրավիճակը կարգավորվեր: Մի հասարակ օրինակ նշեմ, երգիչն ինչպե՞ս կարող է երգել 15 աստիճան ջերմությունից ցածր ջերմությամբ դահլիճում: Երգչի ձայնալարերը խզվում են ցրտից:
Փաստորեն, մենք հավելյալ գումար պետք է վճարենք, որ ջեռուցվի դահլիճը: Ամեն անգամ մենք նման խնդիրների առջև ենք կանգնում, որքա՞ն կարելի է դա հանդուրժել: Այդ կարգի արտիստների հոնորարներն առանց այն էլ բարձր են, և մենք` կազմակերպիչներս, ստիպված ենք լինում նրանց համերգների տոմսերի գներն ավելի բարձրացնել` Հայաստանում ստեղծված արհեստական ծախսերի պատճառով:
Մենք հասկանում ենք, որ մարդիկ սոցիալական դժվար վիճակի պատճառով՝ հնարավորություն չունեն տոմսերի համար նման գումարներ վճարելու, բայց մարդիկ իսկապես ցանկանում են գալ, լսել կենդանի համերգները, տեսնել իրենց սիրած արտիստներին: Իսկ մեր հավելյալ, անիմաստ ծախսերն ավելացնում են տոմսերի առանց այն էլ բարձր գինը: Սա դեռ քիչ է, համերգի նախորդ օրն ապամոնտաժում են դահլիճի տեխնիկան: Բայց պայմանագրով հստակ նշվում է, որ մենք այդ տեխնիկան վերցնում ենք իրենցից:
– Ալեգրովայի համերգից մի երկու օր առաջ խոսակցություններ էին պտտվում, որ տոմսերը վերջացել են: Դա այդպե՞ս էր:
– Տոմսեր մինչև վերջին օրն էլ եղել են վաճառքում: Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչպե՞ս ենք կարողացել տոմսերը վաճառել, բայց մի խայտառակ իրավիճակ էր: Համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանը համերգից 3 շաբաթ առաջ հանկարծ որոշում է, որ Համալիրի դրամարկղերը պետք է փակվեն, քանի որ նա չի ուզում, որ մեր տոմսերը վաճառվեն Համալիրի դրամարկղերում:
Դրամարկղերը փակվում են` առանց մեզ նախազգուշացնելու: Երբ մենք տեղեկանում և բողոքում ենք կատարվածի դեմ, մեզանից ահռելի գումարներ են պահանջում դրամարկղերը վերաբացելու համար, յուրաքանչյուր դրամարկղի համար ամեն օր՝ 70.000 դրամ: Համալիրն ունի երկու դրամարկղ, և ստացվում էր, որ մենք ամեն օրվա համար 140.000 դրամ պետք է վճարենք միայն դրամարկղերում մեր տոմսերը վաճառելու համար: Սա Երևանում միակ դահլիճն է, որը թույլ է տալիս նման համերգներ կազմակերպել: Ոչ մի երկրում նման երևույթի չես հանդիպի:
Մեր կազմակերպությունն արդեն 12 տարի` գործում է Ռուսաստանում, մենք ամբողջ աշխարհում նման համերգներ ենք կազմակերպում, ու ոչ մի երկրում նման խայտառակություն չես կարող տեսնել: Ինչո՞ւ պետք է նման բան լինի, եթե մենք նախապես պայմանագրեր ենք կնքել, և մեր իրավասությունների մեջ են մտնում Համալիրի դրամարկղերում տոմսեր վաճառելը:
Ես չգիտեմ՝ ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, բայց հստակ կարող եմ ասել, որ, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս, համերգային ծրագրից առաջ դահլիճի մեկ տեղի համար երկու տոմս էր վաճառվել: Սա ինչ-որ մեկի անձնական բիզնեսն է, որը խայտառակում է թե՛ մեր կազմակերպության, թե՛ մեր երկրի անունը:
– Գիտեմ, որ Իրինա Ալեգրովան հեռացավ Հայաստանից հիասթափված: Ինչո՞ւ:
– Նա հիասթափվեց, որովհետև այս ամենի ականատեսը եղավ: Ինձ համար առավել ցավալի է, որ այս խայտառակությունը տեսնում են այլազգի աստղերը: Համերգից հետո իր ողջ անձնակազմը մեկ առ մեկ զեկուցեց իրեն, թե ինչ խնդիրների առջև ենք կանգնել համերգը կազմակերպելիս, ինչպես են այդ խնդիրները լուծվել, և, թե որոնք չեն լուծվել: Ալլա Պուգաչովան, Ստաս Միխայլովը, Իրինա Ալեգրովան վերջին դասի երգիչներ չեն: Նրանք արտիստներ են, ում հանրությունը սիրում է, սպասում է:
Մենք ամեն բան անում ենք, որ համերգները կայանան այստեղ, բայց Համալիրի տնօրինությունն ամեն բան անում է մեր երկիրը խայտառակելու համար: Ես չեմ կարող անընդհատ խայտառակ լինել աստղերի մոտ, կամ որևէ փոքրիկ խնդիր կարգավորել իմ նյարդերի, իմ առողջության հաշվին: Ոչ մի երկրում ծանոթ-բարեկամ հասկացությունը չկա, իսկ մեր երկրում առանց դրա ոչինչ չենք կարողանում անել: Նույնիսկ ամենասովորական համերգը կազմակերպելիս:
– Ի՞նչ եք մտադիր անել՝ հետագայում նման խնդիրների առաջ չկանգնելու համար:
– Բազմիցս փորձել եմ ընդհանուր լեզու գտնել Համալիրի սեփականատիրոջ հետ, բայց անհնար է: Ես չեմ կարող այլևս իր հետ շփվել, իսկ վերջին շրջանում իր հետ խոսում էի միայն նամակների միջոցով: Մարդ, ով համապատասխան գիտելիք չունի` չի կարող նման պաշտոնի լինել: Նա ուղղակի խայտառակում է մեր երկիրն այլազգիների աչքերում:
Մենք մի քանի անգամ դիմել ենք նրանց, որ, համապատասխան պայմաններ մեզ համար ստեղծելու դեպքում, վստահեցնում եմ` տարին 15-20 համերգ միայն մենք կկազմակերպենք, բայց մարդը չի համաձայնում: Ինչո՞ւ մենք նման խնդիրների առջև չկանգնեցինք Վոլոչկովայի համերգի ժամանակ: Մարդիկ օգնեցին ամեն ինչով, որպեսզի համերգը բարձր մակարդակով իրականացվեր: Դա մարդուց է գալիս: Ես հոգնել եմ այս ամենից:
Որոշել ենք Համալիրի ղեկավարությանը դատի տալ, քանի որ նրանք մեզ արդեն երկար տարիներ մեծ գումարներ են պարտք: Երբ պահանջում ենք մեր գումարները` նա սպառնում է, թե դահլիճն այլևս մեզ չի տրամադրի: Ռեյդերության ինչ-որ նոր ձև է: Ես չեմ պատրաստվում նվիրատվություն անել Համալիրին իմ ծանր աշխատանքով ձեռք բերված գումարները: Նա մինչ օրս Իրինա Ալեգրովայի համերգի տոմսերի վաճառքից ստացված մեծ գումարներ է մեզ պարտք:
Այս պահին նա 20 մլն և ավելի գումար է մեզ պարտք` սկսած դեռևս Տիմոտիից և Նաստյա Կամենսկիի համերգից: Կարծում եմ, որ մենք նորմալ երկրում ենք ապրում, ես բոլոր հարցերում ճիշտ եմ և գնալու եմ մինչև վերջ: Այս դատից հետո թող նա պատրաստվի հաջորդ դատին: Մեկ առ մեկ հետ եմ վերադարձնելու տարիների ընթացքում հավաքված գումարները, ես նրան դատի եմ տալու նաև ինձ բարոյական վնաս պատճառելու համար: Եթե նրանք անգրագետ են, ապա ես դրանում մեղավոր չեմ:
Բացի այդ, նման մարդկանց հետ շփվելն իմ սկզբունքներին դեմ է: Ես սիրում եմ իմ երկիրն ու իմ ժողովրդին և կանեմ ամեն հնարավորը, որպեսզի «բեսպրեդելը» գոնե այս ասպարեզում վերանա: Հրապարակավ հայտարարում եմ, որ 2013 թվականին մենք ունենալու ենք 7 համերգ, բայց դրանցից և ոչ մեկը Մարզահամերգային համալիրում չի լինելու: Համալիրի սեփականատերը նույնիսկ տարրական բան չի հասկանում, որ եթե համերգների մնացյալ կազմակերպիչները ևս չցանկանան այլևս գործ ունենալ իրենց հետ, ապա նա պարզապես կսնանկանա: Նույնիսկ իր շահը չի հասկանում, ինչպե՞ս շփվես նման մարդու հետ, առավել ևս` գործ ունենաս: