Նոնոն նեղ շրջապատում ասել է, որ Հովիկ Աբրահամյանն իրեն ասել է՝ սպասի, հիմա հանի թեկնածությունդ, մինչև կրքերը կհանդարտվեն
Չի բացառվում, որ նախագահական ընտրություններից հետո Գաբրիել Պողոսյանը նորից մասնակցի «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: «Հենց նոր կարդացի նորություն, որտեղ ասվում է, որ Նոնոն, ով ստիպված է եղել հրաժարվել «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնից (խոսքը Գաբրիել Պողոսյանի մասին է), նեղ շրջապատում ասել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իրեն ասել է, որ՝ սպասի, հիմա հանի թեկնածությունդ, մինչև կրքերը կհանդարտվեն: Այսինքն` եթե նախագահական ընտրությունների ժամանակ Նոնոն լավ աշխատի, այսինքն` ընտրությունները կեղծի, հետո խնդիր չունենա այդ պաշտոնին նշանակվելու»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ըստ Մարիամ Սուխուդյանի` հնարավոր է նաև, որ լինի մեկ այլ թեկնածու. «Կարող է Նոնոյի նման մեկ ուրիշը հայտնվի: Իմ համար տարբերություն չկա: Ոնց որ Նոնոն՝ էդ օլիգարխիկ թափթփուկի լավ մակարդակ էր, որը բացահայտ երևում էր` ինքը ով ա: Կան նաև կրթյալ ավազակներ, որոնք շատ ավելի վտանգավոր են: Այդ տիպի մարդիկ նույն հանցագործությունն անում են՝ ավելի քիչ հետքեր թողնելով: Ինչքան գիտեմ, հիմա նախարարը նոր կադրեր է մշակում, ուզում է թարմացնի իր ճահիճը բնապահպանության նախարարը:
Ինչ-որ նոր ջահելներ է ընդունում, ու իրանց մեջ հաստատ կան համագործակցողներ: Հիմա իրենք, ըստ իս, կփորձեն ավելի կրթյալ մեկին նշանակել, որպեսզի նորից իրենց իշխանության տակ լինի, իրենց աչքն այնտեղ կլինի: Իհարկե, այդ փորձերը լինելու են, բայց դա նաև հանրությունից է կախված: Մենք չպիտի մենակ թողնենք ընտրված նորմալ թեկնածուին, որովհետև ցանկացած լուսավոր մարդու գլխին իրենք ուղղակիորեն կսարքեն: Մի տեղ պաժառ կգցեն, մի տեղ որս կանեն, իրենք կխփեն, հետո կասեն` տեսեք, սա էլ ձեր գովերգած մարդը»:
Մարիամ Սուխուդյանի խոսքով`բնապահպան ակտիվիստները հայտարարվելիք մրցույթին չեն մասնակցի. «Մենք մասնագետ չենք: Մենք չենք կարող պահանջել մի բան ուրիշից, ու մենք, ինքներս չունենալով, գնանք-նստենք ինչ-որ պաշտոնի, բայց կարող ենք այդ մարդկանց կողքին լինենք: Շատ մարդիկ, ում դիմում ենք, հրաժարվում են, որովհետև հստակ գիտեն, որ այնտեղ հովիկաբրահամյանների, գագիկծառուկյանների, ինչ-որ որսի բիզնեսների (որոնք տարբեր երկրներում մեր արգելոցների որսով են զբաղված), ինչ-որ տեղ իրանց ճիրաններն են ընկնելու:
Բնականաբար, ցանկացած մարդ չի դիմանա այդ դիմադրությանը: Մենք տեսնում ենք, որ նախարարությունը որսագողեր գտնելով է զբաղված: Ինքը չի փորձում «Խոսրովի» շահերից ելնելով՝ մարդ ճարել: Իր նպատակը, հակառակը`«Խոսրովն» առևանգելն է, արգելելն ա ակտիվիստներից: Այսինքն`իրա խնդիրն ա հիմա Նոնոյի նման մեկին նշանակելը: Օրինակ` Վորոնցովը (խոսքը «Խոսրովի անտառ» արգելոցի նախկին տնօրեն Վորոնցով Բարսեղյանի մասին է.- Օ.Հ.) մի քիչ թույլ էր: Նա գուցե մտածում էր «Խոսրովի» շահերից:
Վորոնցովին ինչո՞ւ հանեցին, որովհետև, երբ մենք հուլիսին գնացինք արգելոց, այնտեղ իրենց ապօրինի կառույցը տեսանք, որը Հովիկինն ա, ու իրենք ուզում են Նոնոյի միջոցով լեգիտիմացնեն, իրենց մարդկանց դնել, որ քաղցկեղը լայնանա, ու օրգանիզմն արդեն իրենց ենթարկվի ամբողջությամբ: Երբ մենք արեցինք գործողությունները, ու դրանից հետո նախարարը նիստ հրավիրեց իր մոտ, նախարարը ֆռռաց, Վորոնովին ասաց`էս ո՞նց ես թողել իրանց: Ու ես համոզված եմ, որ հենց այդ ժամանակ արձակուրդի, հեռացման ամպերը կուտակվեցին արդեն Վորոնցովի գլխին:
Վորոնցովը արձակուրդ էր այն ժամանակ, երբ նշանակեցին ժամանակավոր պաշտոնակատարին (Հովիկ Թամազյան.- Օ.Հ.): Այսինքն` որսի ժամանակ (խոսքն արգելոցում ապօրինի որսի մասին էր.- Օ.Հ.) արդեն ուրիշ տնօրեն էր նշանակված:
Ու այդ ուրիշ տնօրենի վրա էր ընկնում պատասխանատվությունը, բայց, փաստորեն, Բնապահպանության նախարարությունը էլի էժանագին քայլ արեց`իբր հայտարարելով, որ տեսե՛ք, ես կադրերի փոփոխություն եմ անում, Վորոնցովին հեռացնում եմ`ինչ-որ տեղ խաբելով հանրությանը, որ Վորոնցովին դրա համար է հանում: Այնինչ՝ ինքը Վորոնցովին արձակուրդ էր ուղարկել ավելի շուտ: Հիմա նրանք ուզում են իրենց որսատեղը դարձնել լեգիտիմ, ռեստորանը նորից կառուցել»:
Ըստ Մարիամ Սուխուդյանի`«Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի մրցույթի ընթացքը նախապես պլանավորված էր. «Կարծես մյուս թեկնածուներին էլ շատ միստիկ կերպով քողարկեցին, մյուս թեկնածուները չեկան: Ես Մանուկ Մանուկյանի պահով էի գրել իմ ֆեյսբուքյան պատին, ու միանգամից ինձ հետ փորձեց կապվել իր կինը, բա՝ մենք ուղղակի Ամերիկայում ենք եղել, այնպես ստացվեց, որ չստացվեց հետ գալը: Սա ոչ լիարժեք պատասխան էր: Մեկն էլ ինքնաբացարկ է հայտնում: Ամեն ինչ ոնց որ պայմանավորված լիներ, որովհետև, եթե մենակ Նոնոն լիներ, մրցույթը չէր կայանա, չեղյալ կհայտարարվեր, որովհետև մի հոգով չի լինում մրցույթ: Երեք հոգով իրենք դիմեցին, հետո երկուսին իրենք շատ սիրուն հանեցին, որպեսզի Նոնոն այլ մարդու հետ չհամեմատվի, մրցակից չունենա, որովհետև ցանկացած մրցակից, նույնիսկ 5-րդ դասարանի երեխան կհաղթեր նրան:
Զգացվում է, որ սա պայմանավորված մրցույթ էր: Ու հետո մեկ էլ նա հանում է թեկնածությունը: Ինքն ինչ-որ տեղ տեղյակ էլ չի լինում, իրեն զանգում են լրագրողները, ասում են՝ սենց-սենց բան ա, Նոնոն էլ ասում ա՝ բա՝ մի հատ ընթերցեք, դա ի՞նչ ա: Երևի իրար մեջ լավ չէին պայմանավորվել, կամ էլ այդ մարդու հետ պայմանավորվել են, ու ոնց որ ինքը լավ չէր յուրացնում հարցը: Բացահայտ զգացվում էր, որ դա իր որոշումը չէ, պայմանավորված որոշում է»: