Բոտուլիզմով հիվանդի վիճակը ծանր է
Բոտուլիզմով հիվանդ կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը. «Հիվանդը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ինչպես ծանր էր վիճակը, այնպես էլ մնացել է, փոփոխություն չկա»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արձանագրվել էր բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն էր: Կարմիր պղպեղի պահածոն նոյեմբերի 27-ին օգտագործել են ընտանիքի 2 անդամը: Հաջորդ օրը 75-ամյա Իրա Քոթանջյանի մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման` բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխումներ, երկտեսություն, լուծ: Հիվանդը դիմել է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Հիվանդության ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:
ՀՀ առողջապահության նախարարությունը բոտուլիզմից խուսափելու նպատակով զգուշացնում է.
- խուսափե՛ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
- տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե՛ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե.
- մի՛ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:
- առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե՛ք բժշկի: