Ստեփան Սաֆարյանի պրոբլեմը

Երեկ թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների մասին է մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ, ով առաջին հերթին ցավ արտահայտեց դրանց կապակցությամբ:

«Երեկ տեղի ունեցած ընտրությունները մի բառով կարելի է ասել՝ ցավալի է, իսկ իրականում գաղափարը կայանում է նրա մեջ, որ ընտրողներն էլ ունեն մեծ ապատիա գաղափարի, թե ի՞նչ են ընտրությունները: Դա ցույց է տալիս շատ քիչ  մարդկանց մասնակցության գաղափարը, և երկրորդ՝ այսօր մարդիկ պատրաստ են ընտրելու ոչ թե գաղափարի, կոնկրետ ծրագրի, ոչ թե մարդու, որը պատրաստ է աշխատել, այլ ուղղակի մի երևույթի, որ նկարները կային, ամեն ինչը կար, բայց այդպես էլ, ցավոք սրտի, չիմացանք, թե պարոն Սարգսյանի նախընտրական ծրագիրն ի վերջո ինչի՞ն է նվիրված լինելու:

Այդ իմաստով, ցավում եմ, որ մարդկանց մոտ ընտրությունները վերածվել են անտարբերության գաղափարի: Ինչ-որ չափով նմանատիպ վերաբերմունք կար նաև կուսակցական  խնդիրներում, երբ տարբեր կուսակցությունների կողմից կիրակի տեղի ունեցած երկու ընտրությունները  չէին վերաբերում ընդհանուր համապետական գաղափարին, այլ փոխարենը՝ վերածվել էին թաղապետի ընտրության իրավիճակի»:

– Պարոն Պողոսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե բողոքները պրովոկացիոն հայտարարություններ են, և մինչ ընտրությունները մրցակիցներն արդեն մշակել էին բողոքների սցենարներ, որոնց հիմնավորումները տվեցին ընտրություններից հետո:

Կարդացեք նաև

– Ես երբևէ չեմ հավատա, որ Ստեփան Սաֆարյանը որևէ մի գործարքի է գնացել մեկնումեկի հետ, որ սցենարներ մշակի: Ինքը նվիրյալ անձնավորություն է և փորձել է ծառայել, իր ծրագիրը ներկայացնել բնակիչներին, այնպես որ, կարծում եմ` անհիմն են այդ արտահայտությունները Ստեփանի մասին:

– Սպասելի՞ էին ՀՀԿ-ի թեկնածուի նման առավելությունները Ձեզ համար:

– Այստեղ ավելի շատ պետք է խոսել այն մասին, թե ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվել իր խնդիրներին և իր հարցը լուծել, և այն, թե մնացածներն ինչպե՞ս են փորձել պայքարել գաղափարի համար: Բոլորը պետք է դաս քաղեն սրանից, նաև ինչ-որ չափով մենք պետք է քաղենք մեր դասերը, թե ինչպե՞ս պետք է ամեն բան այլ ձևով գնար: Այնուամենայնիվ, թերահավատությունը, անվստահությունը, հիասթափությունն ընտրական համակարգի հանդեպ ձևավորվել է հենց այդ թվերի համար:

Եթե համեմատենք խորհրդարանական  ընտրությունների հետ, ապա ՀՀԿ թեկնածուն ուներ նմանատիպ ընտրազանգված, միգուցե  ավելի շատ, կարելի է ասել, կուսակցական կապվածության խնդիրներ են` մոտավորապես 19.000 ձայն ստացել էր Ռուբեն Հայրապետյանը, 18.000-ից ավելի` Ռոբերտ Սարգսյանը: Ստեփան Սաֆարյանն էլ մոտ 10.000 ձայն է ստացել՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա: Դա ոչ թե Ստեփանի պրոբլեմն էր, այլ այն ամբողջ ընտրական համակարգի:

– ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ լսելով մեր դիտարկումները ՀՀԿ թեկնածուի կողմից կազմակերպված «անվճար ավտոմեքենաներով» ընտրողներին ընտրատեղամասեր տեղափոխելու, թաղային խմբերի կողմից իրականացված մոբիլիզացնող միջոցառումների վերաբերյալ, հարցրեց. «Ընտրական օրենսգիրքն արգելո՞ւմ է տաքսիով կամ մարշրուտնիով մարդ տեղափոխելը»: Նրա հարցն ուզում եմ ուղղել Ձեզ:

– Օրենսգիրքը չի արգելում մարդ տեղափոխելը: Նույնիսկ երեկ կային այսպիսի արտահայտություններ, շատ ժամանակ ժողովուրդը ծիծաղելով ասում էր, թե «այսօր տաքսին բարեգործական է աշխատում»: Ցավոք, խնդիրն այն է, որ մի կուսակցությունը մոբիլիզացնում է ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը, որը հաղթում է իր խնդիրներով;

Իմիջիայլոց, Youtube-ում արդեն տեղադրվել են որոշ պատկերներ ընտրակեղծիքների մասին, և, բացի դա, պատրաստվում է ընտրախախտումների ընդհանուր փաթեթը, թե որտեղ ինչ ընտրախախտում է եղել: Ցավոք, օրենսգիրքը մշակված չէ այնպես, որ այդտեղ չլինի խնդիրը, թե մարդուն տանում են, այլ մարդն ինքը պետք է գիտակցի, որ ներս մտնելուց, քվեախցիկի մոտ, երբ ինքն ու իր գրիչն են՝ հասկանա, թե ում է ընտրելու:

– Ի՞նչ եք կարծում՝ ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի ընտրության հարցում մեծ դեր խաղաց նրա՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագ լինելո՞ւ գործոնը:

– Այո,  և՛ այդ , և՛ ՀՀԿ-ի գործոնը: Նրանք, ովքեր կանգնած էին իր հետևում, նորից եմ կրկնում, եթե նայենք ընտրազանգվածային քանակի ձայներին, ապա և՛  մայիսի 6-ին էր ՀՀԿ թեկնածուն դրանից մի փոքր ավելի ձայն ստացել, և՛ նույնը կրկնվեց այդ անգամ: Դա նշանակում է, որ մի խումբ պոտենցիալ մարդիկ ձայնը տրամադրում են այդ մի կուսակցությանն՝ ինչ-որ խնդիրներից ելնելով:

Տեսանյութեր

Լրահոս