Մադլենը ցանկանում է Արթուրի խոսափողների հավաքածուն դեն նետել
«Հավաքածու»` «կոլեկցիա» բառն առաջացել է լատիներեն՝ collectio (հավաքում, հավաքածու) բառից: Հավաքածուն` միատեսակ կամ թեմատիկ ընդհանրությամբ առարկաների համակարգված ժողովածուն է, որն ունի գիտական, պատմական կամ գեղարվեստական արժեք։ Հավաքածուները լինում են պրոֆեսիոնալ և սիրողական: Տարբեր մարդիկ տարբեր հավաքածուներ են ունենում:
Ոմանց մոտ` դա պատահական է ստացվում, ոմանք նպատակադրված են հավաքում: Հավաքածուները բաղկացած են լինում նաև տարաբնույթ առարկաներից` հուշանվերներ, գրքեր, դրամներ, նամականիշեր, կերպարվեստի ստեղծագործություններ, քարեր, զարդեր, միջատներ, տիկնիկներ, և այլն: Էստրադային երգիչ Արթուր Իսպիրյանն ունի հին խոսափողների հավաքածու: Շուրջ քսան տարի է` նա լրացնում է իր հավաքածուն, որն այս պահի դրությամբ բաղկացած է 150 խոսափողից:
168.am-ի հարցին, թե ինչո ՞ւ է երգիչը հենց խոսափող հավաքում, Արթուրը պատասխանեց, որ դա պայմանավորված է ձայնագրման ստուդիա ունենալով: Բացի ադ, երգչին հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր խոսափողն ի՞նչ բնավորություն ունի: Արթուր Իսպիրյանը կատակով նշեց, որ իր կինը` Մադլեն Մինասյանը, ցանկանում է խոսափողների իր այդ հավաքածուն տանից դուրս նետել: Մադլենն, ի տարբերություն Արթուրի, ամեն ինչ դեն է նետում.
«Իսկ ստուդիական բարձրացուցիչների մասին չի՞ ասել… դա էլ ա հավաքում: Ես մինիմալիստ եմ, չեմ սիրում որևէ բան հավաքել, ինձ համար ծանր կլինի չօգտագործվող լիքը ձայնային սարքավորումներ հավաքել տանը, ննջասենյակում, երեխաների խաղասենյակում, մի խոսքով` ամեն տեղ… Ինքն ունի իր ստուդիան, այնտեղ ինչ ցանկանում է` կարող է պահել՝ որքան ուզում է…»,- ասաց Մադլենը:
Հագուստի դիզայներ Նինա Հովնանյանը հավաքում է օրքիդեա ծաղիկների տեսակների հավաքածու:
Դրանք հողով լի ծաղկամաններով տեղադրված են նրանց տան պատուհանագոգերին: Նինան ունի նաև հին իրերի և զարդերի տարբեր հավաքածուներ:
Դերասան-շոումեն Արմեն Պետրոսյանը (Մենչ) փոքր տարիքում ունեցել է նամականիշերի և կոպեկների հավաքածու: Այժմ հավաքում է տարբեր երկրներից բերված պատկերազարդ մագնիսներ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր հավաքածուն ինքնուրույն է լրացնում. «Արդեն 30-40 հատ մագնիս ունեմ, որոնք բերված են մի շարք երկրներից՝ Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից, Բեյրութից, Սիրիայից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից: Որտեղ հասցրել եմ լինել` անպայման մի մագնիս հետս բերել եմ»: