Նիհարեցնող շաղգամ մեծը

Բուժիչ նամակներ

Պապը ցանեց մի շաղգամգ Ժամանակակից երեխաները` լսելով այս հեքիաթը, կմտածեն, թե այդ ինչ զարմանալի, արտասովոր պտուղ էր աճեցրել իր բանջարանոցում «հռչակավոր» պապիկը։

Շաղգամը շատ ժողովուրդների հեքիաթներում հանդես է եկել որպես գլխավոր հերոս։ Այս արմատապտուղը հնագույն ժամանակներից գնահատվել է շատ բարձր, ավելի, քան վեց հազարամյակ սննդի մեջ փոխարինել է հացին։

Շաղգամը մեծ նշանակություն է ունեցել մարդկանց սննդի մեջ` մինչև կարտոֆիլի տարածվելը։ Շաղգամով սնվում էին ոչ միայն գյուղացիները, պանդուխտները, ռազմիկները, այլ նաև այն մատուցվում էր թագավորական սեղաններին։ Շաղգամն ուտում էին խորոված, եփած, շոգեխաշած վիճակում, որպես լցոն կարկանդակների մեջ, դրանցից պատրաստում էին տարբեր կերակրատեսակներ, ոգելից խմիչք, կվաս։

Մատղաշ տերևները թթու էին դնում. ձմռանը դրանցից պատրաստում էին շաղգամապուր և այլ ջրալի կերակրատեսակներ։

Շաղգամը խաչածաղկավորների ընտանիքի վաղահաս, խոնավասեր, բավականաչափ ցրտադիմացկուն բույս է, որի ցանքից մինչև հասունացումն ընկած ժամանակամիջոցը տևում է 60-75 օր։ Որակյալ շաղգամ է ստացվում թեթև, լավ մշակված բերրի հողերում։
Հնագույն ժամանակներից սկսած մարդիկ գիտեին, որ շաղգամը օգտակար է առողջությանը։

Ա. Ամասիացին գրել է. «Շաղգամպը (շաղգամ) լինում է բանջարանոցային և վայրի։ Ավելի օգտակար է բանջարանոցայինը։ Քացախի հետ միասին օգտագործելու դեպքում վերացնում է սոխի և սխտորի հոտը։ Պարբերաբար այն օգտագործողի տեսողությունը կսրվի։ Դրա սերմերը վերացնում են պեպենները։ Դրանից պատրաստված ջերմախյուսը կօգնի պլևրիտի դեպքում։ Եթե խորովեն և ուտեն` կօգնի կրծքի հիվանդությունների դեպքում։

Առատացնում է մայրական կաթը։ Շաղգամը միզամուղ է։ Եթե քացախի հետ ուտեն, ախորժակը կբացի։ Շաղգամի գինին տաքացնում է երիկամները և ավելացնում է սեռական կարողությունը»։

Հում շաղգամը պարունակում է մինչև 9 տոկոս շաքար։ Վիտամին C-ի պարունակությամբ այն համարյա երկու անգամ գերազանցում է նարնջին, կիտրոնին, սպիտակագլուխ կաղամբին, ամսական բողկին, լոլիկին, ազնվամորուն և գետնամորուն։ Բացի ասկորբինաթթվից, պարունակում է վիտամիններ` B1, B2, B5, PP, ենթավիտամին A (հատկապես դեղին շաղգամը)։ Պարունակում է կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, յոդ և այլ կարևոր մակրո և միկրո տարրեր և մանրէասպան ֆիտոնցիդներ։

Մանանեխային յուղերի շնորհիվ շաղգամն ունի յուրահատուկ համ ու հոտ։ Շաղգամի քիմիական բաղադրության նորագույն ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ բույսի մեջ կան աթերոսկլերոզի բուժման համար կարևոր սթերին նյութ և հակաուռուցքային հատկություններ ունեցող ինդոլային նյութեր. սուլվորոֆանի բուսական նմանակներ, որոնք, բացի շաղգամից, պարունակվում են միայն ծաղկակաղամբում, բրոկոլի և կոլրաբի կաղամբի տեսակներում։ Բուժիչ հատկություններով շաղգամը նման է բողկին և կաղամբազգիներին։

Ամերիկյան գիտնական Նորման Ու. Ուոքերը գրել է. «Շաղգամի հյութը հրաշալի սնունդ է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են ոսկրային հյուսվածքների փխրությամբ, այդ թվում` նաև ատամների»։

Թարմ շաղգամի հյութով, որը խառնում են մեղրի կամ եփած շաքարի հետ` բուժում են լնդախտը։ Շաղգամի հյութը կամ եփուկը խմում են մրսածության պատճառով առաջացած հազը և խռպոտությունը վերացնելու համար։
Բուժական սննդի մեջ բժիշկները հում շաղգամը նշանակում են փորկապության դեպքում։

Հակացուցված է` երիկամների հիվանդության, ստամոքսի և աղիների բորբոքումների դեպքում։ 100 գ շաղգամը պարունակում է ընդամենը 28 կկալ։ Արմատապտուղը կշտացնում է, բայց չի գիրացնում։ Այդ է պատճառը, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս այն` որպես ավելորդ քաշից ազատվելու միջոց։ Մշակել են նույնիսկ հատուկ սննդակարգ` քաշը նվազեցնելու համար, պետք է հրաժարվել քաղցրավենիքից, և յուրաքանչյուր անգամ սնվելուց առաջ պարտադիր է ուտել շաղգամ, ընթացակարգը` 1 ամիս։

Քաղցրեղենը փոխարինեք շաղգամի ցուկատով.

  •   Շաղգամի կտրատած մանր կտորները շերտ առ շերտ շարեք ապակե տարայի մեջ, վրան լցրեք մեղր։ Շարունակեք` մինչև տարան լցվի, ծածկեք կափարիչով։ Դրեք հով տեղ։ Մեկ օր անց դրեք սառնարանի մեջ։

Լնդերի բորբոքում, կարիես. 1 ճ/գ շաղգամի մանրացրած տերևուքը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ։
Մրսածություն, հազ, կոկորդի ցավ. Մանրացրեք և խառնեք 2 ճ/գ արմատապտուղը, 15 րոպե եփեք 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Հոդատապ. Եփած շաղգամի խյուսը տեղադրեք հիվանդ հատվածին։ Եփուկով կատարեք լոգանքներ։
Վատ ինքնազգացողություն, անքնություն. Խառնեք շոգեխաշած շաղգամի հյութը մեղրի հետ և խմեք քնելուց առաջ։
Բրոնխների ասթմա. Թարմ արմատապտղից ստացված հյութը 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-5 անգամ։ Օգտակար է նաև լարինգիտի, մրսածության հետևանքով առաջացած ձայնի կորուստի, սրտխփոցի, անքնության դեպքում։
Ցրտահարություն. Աղացեք թարմ շաղգամը, խառնեք գոլացրած սագի յուղի հետ (2։1), հարեք։ Քսուքը պահեք սառնարանում։

Տեսանյութեր

Լրահոս