Հայաստանը՝ Եվրամիության և Ռուսաստանի խաչմերուկում
Երեկ ԱԺ շենքում տեղի ունեցավ «Խորհրդարանական համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրաինտեգրման. արժեքներ և փորձ» խորագրով ֆորումը, որի ժամանակ ելույթով հանդես եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը և նրա տեղակալ Յացեկ Սարյուզ-Վոլսկին, ով Լեհաստանի ներկայացուցիչն է:
Մենք չենք անդրադառնա առաջին երկու ելույթներին, քանի որ դրանք ավելի շատ արարողակարգային էին: Ավելի ուշագրավ էին պարոն Յացեկ Սարյուզ-Վոլսկու արտահայտած որոշ մտքեր, որոնք ավելի անկեղծ էին և մի փոքր դուրս դիվանագիտական էթիկետի շրջանակներից:
Ասենք միայն, որ այս ֆորումին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության, այսինքն` տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Իսկ ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսն իր ելույթում խոսեց բարեփոխումների անհրաժեշտության մասին և օգտագործեց չափազանց հետաքրքիր մի եզրույթ` «խաղաղ ժողովրդավարություն», որը պետք է հասկանալ ժողովրդավարություն, որը ձեռք է բերվում ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն գործընթացների արդյունքում:
Դա հասկանալի դարձավ, երբ պարոն Մարթենսը սկսեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին բացատրել, որ հեշտ է բարեփոխումներ ցանկանալը, բայց դժվար է դրանք իրականացնելը, և պետք չէ դժգոհել քաղաքական գործիչներից այն բանի համար, որ բարեփոխումների ընթացքը դանդաղում է:
Պարոն Մարթենսից ոչինչ ավելին սպասել պետք էլ չէր, քանի որ նա ոչ Սիմոն Բոլիվարն է, ոչ էլ Էռնեստո Չե Գևարան, այլ քրիստոնյա-դեմոկրատ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահը և Բելգիայի նախկին վարչապետը:
Յացեկ Սարյուզ-Վոլսկին, ով, ինչպես նշեցինք, ավելի անկեղծ էր իր բնորոշումներում, պատասխանելով հարցերից մեկին, թե որ ճանապարհով պետք է գնա Հայաստանը` դեպի Եվրասիական միությո՞ւն, ուր Հայաստանին քաշում է Ռուսաստանը, թե՞ եվրաինտեգրման, որը Հայաստանի առաջ բացում է ազատ և ժողովրդավարական համակարգ կառուցելու հնարավորություն, հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Եվրամիությունը դա կայսրություն չէ, որն ուզում է անընդհատ ընդարձակվել, այնպիսի կայսրություն, ինչպիսին ժամանակին Հռոմեականն էր, կամ ընդամենը հարյուր տարի առաջ` Ռուսականը:
«Եվրամիությունն ինքը չի թակում այլ երկրների դռները, այլ ընդհակառակը` Եվրամիության դուռն են թակում նրան անդամակցելու համար»,- ասում էր Լեհաստանի ներկայացուցիչը:
Յացեկ Սարյուզ-Վոլսկին համարվում է Եվրանեսթի գաղափարի ստեղծողը, և բացատրում էր, որ անգլերենում «nest» նշանակում է` բույն, որ Արևելյան Եվրոպայի երկրները Յալթայի կոնֆերանսով անջատվեցին իրենց բնից` Եվրոպայից, և վերադարձան իրենց բույնը` դառնալով Եվրամիության անդամ: «Եվրոպան աշխարհագրական տերմին է, որը հասնում է մինչև Ուրալյան լեռներ, բայց այստեղ կարևոր է, որ քեզ զգաս եվրոպացի, մենք հավատում ենք, որ մեզանից արևելք գտնվող երկրները և ժողովուրդները, այդ թվում` հայերն ու վրացիները, իրենց համարում են եվրոպացի»,- կարծում է ԵԺԿ փոխնախագահ Յացեկ Սարյուզ-Վոսլկին:
Նա ևս փորձեց որոշակի դիվանագիտական հնարքներ բանեցնել և խորհուրդ տվեց` չհակադրել Եվրամիությունը Ռուսաստանին, բայց նաև ավելացրեց, որ կա համագործակցության մի սահման, որից այն կողմ պետք է ընտրություն կատարել, և այդ ընտրությունը պետք է կատարի երկրներից և հասարակություններից յուրաքանչյուրը: Նա, օրինակ, նշեց, որ եթե ինչ-որ երկիր ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ, ապա այդ երկիրը չի կարող Եվրամիության հետ կնքել «Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիր»:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, որին արդեն անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համառորեն մերժում է այդ առաջարկը` որպես հակափաստարկ ներկայացնելով այն, որ Հայաստանը Մաքսային միության հետ չունի ընդհանուր սահման: Իսկ Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ամռանը հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ 2-3 տարվա ընթացքում կստորագրի «Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիր»:
Յացեկ Սարյուզ-Վոլսկին պարզ և հստակ հայտարարեց. դուք ընտրեք` եվրոպացի՞ եք դուք, թե՞ ոչ, ուզո՞ւմ եք Մաքսային միության մեջ լինել, թե՞ ԵՄ-ի հետ ինտեգրման ճանապարհով գնալ: Հայաստանը, ինչպես հայտնի է, մնացել է խաչմերուկում և չի կարողանում ընտրություն կատարել: Հայաստանն ուզում է սպասել այնքան, մինչև որ պարզ կլինի, թե ով է ավելի ուժեղ` Ռուսաստա՞նը, թե՞ Եվրամիությունը, որպեսզի հանգիստ խղճով անցնի ուժեղի կողմը:
1979թ. Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնին հռչակեց հետևյալ կարգախոսները` «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք, այլ իսլամ. Ոչ սոցիալիզմ, ոչ կապիտալիզմ, այլ Իրանի Իսլամական Հանրապետություն»: Արդյո՞ք Հայաստանը կարող է մերժել Ռուսաստանին և Արևմուտքին ու գնալ իր ճանապարհով: Դժվար թե:
Քանի որ չունի ո՛չ Իրանի ռեսուրսները և ո՛չ էլ նոր գաղափար: Հայաստանը պետք է ընտրություն կատարի և, որքան շուտ` այնքան լավ: Կառավարող կուսակցության` ՀՀԿ-ի գաղափարական հայր Գարեգին Նժդեհն իր ժամանակին ասել է. «Էապես չկան չեզոքներ, չեզոքության են դիմում միայն թույլերը` հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը»: