ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված օժանդակություն տրամադրել` ի լրումն Մինսկի խմբի. Մանուել Բարոզու

ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Ստորև ներկայացնում ենք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզույի ելույթը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար հաճելի է գտնվել Երևանում և հատկապես հնարավորություն ունենալ հանդիպել քաղաքացիական հասարակության, ուսանողների և գիտնականների հետ: Հատկապես մեծ պատիվ է, որ այս հանդիպումը տեղի է ունենում ձեռագրերի ազգային պահոցում՝ ձեր ազգային պատմության և մշակույթի այս հսկա գանձարանում. մի պատմություն և մշակույթ, որը սերտ կապեր ունի Եվրոպայի հետ, որոնք թվացյալից շատ ավելի հզոր են և հնագույն:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

Ճանաչված հայերից առանձնացնելով ոմանց՝ ուզում եմ նշել 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր կերպարներից մեկին՝ Արշիլ Գորկուն, որոնք մեծ ներդրում են ունեցել ոչ միայն Եվրոպայի, այլ նաև ողջ աշխարհի մշակույթի ձևավորման ընթացքում:

Հայաստանի պատմությունն ունեցել է բազմաթիվ դժվար պահեր, իսկ այժմ Ձեր պետությունը գտնվում է մեկ այլ էպիկական ճանապարհորդության վրա: Բարեփոխումները երբեք դյուրին չեն լինում, հատկապես նմանատիպ բարդ տնտեսական ժամանակներում: Բարեփոխումների գործընթացի հաջողման համար անհրաժեշտ է ոչ միայն կառավարության կամքը, այլ նաև հասարակության լայն շերտերի աջակցությունն ու լուրջ աշխատանքը. քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ունեն իրենց հատուկ դերը նույնպես: Ահա թե ինչու եմ կարևորում իմ ուղերձը ձեզ:

Քաղաքացիական հասարակությունը՝ որպես բարեփոխումների պաշտպան, փոխանցում է հասարակության կարծիքը և կենտրոնացնում է Ձեր համաքաղաքացիների աջակցությունը և որպես կառավարության առաջընթացը վերահսկող մարմին՝ այն կոչ է անում հաշվետու լինել, երբ նպատակները կամ ակնկալվող չափանիշները բավարար չեն:

Քաղաքացիական հասարակությունը նաև տրամադրում է խորհրդատվություն՝ օժանդակելով թե՛ կառավարությանը և թե՛ հասարակությանը իրականացնել բարեփոխումներ, օրինակ մարդու իրավունքների կամ բնապահպանական չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ:

Ներկա բարեփոխումների գործընթացը ձերն է: Այն պետք է մղվի պետության ներսից և պատկանի հասարակությանը: Բայց սա մի գործընթաց է, որին մենք՝ Եվրոպական միությունը, ցանկանում է օգնել և աջակցել: Իմ այցը Հայաստան ապացույցն է այն փաստի, որ Եվրոպական միությունը կարևորում է թե՛ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ և թե՛ իր հարաբերություններն արևելյան հարևանների հետ:

Քաղաքացիական հասարակությունը վճռական դեր ունի այս գործընթացում և, օգտվելով առիթից, ցանկանում եմ ողջունել բոլորովին վերջերս Ստոկհոլմում տեղի ունեցած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ ամենամյա հանդիպումը: Տեղյակ եմ, որ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել այդ կարևոր քննարկման ժամանակ:

(Արժեքները որպես համագործակցության հիմք)

Տիկնայք և պարոնայք,

Մինչ Հայաստանի հետ Եվրոպական միության խորացող հարաբերությունների մանրամասների մասին խոսելը՝ կցանկանայի հակիրճ անդրադառնալ այս հարաբերությունների հիմքին՝ մեր ընդհանուր արժեքներին:

Եվրոպական միությունն արժեքների միություն է, արժեքներ, որոնք ընդհանուր են բոլոր անդամ պետությունների և մեր 500 միլիոն քաղաքացիների համար: Այդ արժեքներն են. ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու խոսքի ազատությունը: Դրանց մի մասն ամրագրված են, օրինակ Հիմնարար իրավունքների եվրոպական խարտիայով կամ Եվրոպական միության օրենսդրությամբ: Մյուսները միահյուսված են մեր հասարակությունների խորքերում, ինչպես օրինակ հայկական «կարպետը»:

 

 

 

 

 

 

 

 

 
Այսպիսով, շատ բնական է, որ այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը, գտնվում են երրորդ երկրների հետ համագործակցության հիմքում և կազմում են Արևելյան գործընկերության կարևոր մասնիկը:

Իսկ ի՞նչ է դա գործնականում:

Դա նախ և առաջ նշանակում է, որ Եվրոպական միությունը հատկապես հետաքրքրված է աշխատել հայերի հետ Հայաստանի ժողովրդավարական զարգացումն ապահովելու նպատակով: Ժողովրդավար գործընթացների հիմնաքարը ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են: Այս համատեքստում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը ավելի թափանցիկ և մրցունակ ընտրություններ իրականացնելու ուղղությամբ: Միաժամանակ, Հայաստանի ժողովրդավարական ներուժի իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ:

Հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները կլինեն դրա փորձությունը: Մենք ցանկանում ենք տեսնել, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ կողմից ներկայացված առաջարկություններն իրականացվել են ընտրություններից բավականին շուտ: Բայց ժողովրդավարությունը չի սահմանափակվում ընտրությունների անցկացման օրով: Այն կառուցվում է ամեն օր, մի շարք տարբեր ուղղություններով:

Որպես օրինակ, այն կառուցվում է օրենքի գերակայության նկատմամբ հարգանքով, դատական համակարգի բարեփոխումներով, կոռուպցիայի դեմ պայքարով: Այդ բարեփոխումներն ամենից շատ բխում են յուրաքանչյուր հայի շահերից և դրական են անդրադառնում մարդկանց առօրյա կյանքի վրա:

Դրանք նաև նշանակում են, որ Հայաստանը կօգտվի Եվրոպական միության փիլիսոփայությունից՝ «ավելին ավելիի դիմաց». պարզ ասած՝ որքան շատ բարեփոխումներ իրականացնեք, այնքան ավելի շատ ԵՄ-ն կկարողանա աջակցել ձեզ:

Ես նկատի չունեմ միայն ֆինանսական աջակցությունը, չնայած Հայաստանն արդեն ստացել է լրացուցիչ 15 միլիոն եվրո միջոցներ արևելյան գործընկերության ինտեգրման և համակարգման ծրագրի միջոցով: Օրինակ՝ բարեփոխումների ծրագրի իրականացումը նշանակեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն կարողացան նախաստորագրել մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Ակնկալում ենք, որ դրանք կստորագրվեն մինչ ընթացիկ տարվա ավարտը՝ հնարավոր դարձնելով Հայաստանի քաղաքացիների համար դեպի Եվրոպական միություն ճանապարհորդելու ավելի դյուրին պայմաններ:/2013 թվականից/

[Հայացք դեպի ապագան]
Տիկնայք և պարոնայք,
Այստեղ մենք կանգ չենք առնում:

Հայաստանի և Եվրոպական միության միջև ընթացքի մեջ են բանակցություններն Ասոցացման համաձայնագրի և դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ:

Հիմնականում, ասոցացում նշանակում է արժեքների կիսում: Այն տանում է դեպի Հայաստանի արդիականացում՝ օրենքները, չափանիշները և նորմերը ավելի մոտեցնելով Եվրոպական միության օրենքներին և խորացնելով մեր համագործակցությունը համաշխարհային բեմում:

Այս գործընթացը կաջակցի քաղաքական, սոցիալական, տնտեսական բարեփոխումների իրականցմանը Հայաստանում: Այստեղ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱ) համաձայնագիրը կարևոր տարր է և կտանի Հայաստանը դեպի եվրոպական միասնական շուկա, որը աշխարհի ամենամեծ շուկան է: Այսինքն, ԽՀԱԱ-ը այսպես կոչված որակի խորհրդանիշ է. նշան, որ Հայաստանի տնտեսությունը բավարարում է հստակ չափանիշների: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այն բացում է դռներ դեպի առևտուր, խիստ անհրաժեշտ օտարերկրյա ներդրումներ և աշխատատեղերի ստեղծում:

Իհարկե, քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի այս աշխատանքում: Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը արդեն օգնում է մեզ վերահսկել Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը: Լիահույս եմ, որ այս դերը կընդարձակվի. ներկայումս Հայաստանի հետ քննարկում ենք ԵՀՔ գործողությունների ծրագիրը Ասոցացման օրակարգով փոխարինելու հնարավորությունները, որն ավելի կենտրոնացված գործիք է որը նաև ճանապարհ կհարթի մեր նոր համաձայնագրի իրականացման համար: Քաղաքացիական հասարակությունը հնարավորություն կունենա տեղեկանալ այս գործընթացի մասին և վստահ եմ, այն կարևոր դեր կունենա:

Մեր օժանդակությունը քաղաքացիական հասարակությանը ունի նաև ֆինանսական կողմ: Մենք ստեղծել են նոր գործիք՝ Հարևանության քաղաքացիական հասարակության ծրագիրը, դրամաշնորհների տեսքով լրացուցիչ օժանդակություն տրամադրելու և խրախուսելու հստակ գործողություններ քաղաքացիական հասարակության կողմից՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության նպատակաների ուղղությամբ:

Մենք նաև լիահույս ենք, որ կշարունակենք ՀԿ-ների համար նախատեսված աջակցությունը Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության և ոչ պետական մարմինների համար նախատեսված թեմատիկ ծրագրերի միջոցով, ինչպես նաև այլ ԵՄ գործիքների շրջանակներում:

Տիկնայք և պարոնայք,

Այժմ կցանկանայի մի քանի խոսքով անդրադառնալ տարածաշրջանային կայունությանն ու հակամարտության կարգավորմանը: Սրանք խնդիրներ են, որոնք մենք չենք կարող անտեսել, և որոնք պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանը և իր հարևան երկրները կարողանան լիարժեք կիրառել իրենց ներուժը:

Բացի հակամարտության անձնական դժբախտություններից, սահմանների ֆիզիկապես փակ լինելու փաստը ստեղծում է ակնհայտ և զգալի տնտեսական ռիսկեր – այն խոչընդոտում է խիստ անհրաժեշտ աճին ու եկամուտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացը շարունակում է մնալ ԵՄ-ն արտաքին քաղաքականության խիստ գերակայությունը մեր հարևանների շրջանում:

Հասկանում եմ նմանատիպ գործի դժվարություններն ու բարդությունները, բայց պետք է ընդունենք, որ խաղաղության օգուտը զգալի գերազանցում է այդ ժվարությունները: Գոյություն ունի կարծիք, որ հակամարտությունը սառեցված է և գոյություն չունի հավանական լուծում: Չնայած որ առաջադրանքը բարդ է հավատացած եմ, որ հնարավոր է խաղաղություն հատատել: Ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ: Քաղաքական գործիչների դերն է անհրաժեշտը իրականություն դարձնելը: Կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին խոսքով և գործով և վերադառնալ էական հարցերի քննարկմանը: Կարևոր է նաև ցուցաբերել զսպվածություն հայտարարությունների և գործողությունների մեջ գործող ձևաչափն ու հիմնական սկզբունքները չվտանգելու նպատակով:

Եվրոպական նախագիծը նույնպես ստեղծվել է սոսկալի պատերազմի մոխիրների վրա և նախկին թշնամիների միավորման միջոցով: Այն, ինչ մենք ձեռք ենք բերել այսօր, անհավանական կհամարեին մեր տարեց սերունդը, ովքեր ապրել և /մահացել/ են պատերազմի ողբերգական տարիներին: Վերջերս, այս նախագիծը ընդունվեց Նոբելյան հանձնաժողովի կողմից և Եվրոպական միությունը պարգևատրվեց Խաղաղության մրցանակով: Այս օրինակը կարող է ոգեշնչել նաև ձեզ և տարածաշրջանին:

Եվրոպական միությունը պատրաստ է տրամադրել ընդլայնված օժանդակություն կարողությունների զարգացման ուղղությամբ ի լրումն Մինսկի խմբին: Կայունության գործիքի ներքո հունիսին ընդունել ենք մի նոր ծրագիր, որն ուղղված է հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համաձայնագրի սկզբուքները, ինչպես համաձայնեցվել է Մադրիդում, արդեն կան: Պետք է միայն քաղաքական խիզախություն դրանք իրականացնելու համար:

Մեծարգո հյուրեր,

Հակիրճ ներկայացրեցի տեսակետ, թե Եվրոպական միության և Հայաստանի միջև ավելի սերտ հարաբերություններից ինչպես կարող են օգտվել երկու կողմերը: Գիտեմ, որ Հայաստանում բաց քննարկվում է այն հարցը, թե ինչպես ավելի լավ հավասարակշռել պետության հարաբերությունները իր ռազմավարական նշանակության հարևանների հետ:

Վերջին հաշվով, այն թե ինչպես եք դուք կառավարում ձեր արտաքին հարաբերությունները միայն և միայն ձեր ընտրությունն է: Մենք ուրախ ենք, որ կառավարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը. «Մոտենալ Եվրոպական միությանը այնքան, որքան Եվրոպական միությունը թույլ կտա մեզ»: Արժեքները կիսելու, ներքին շուկային միանալու համատեքստում մենք իսկապես ցանկանում ենք, որ դուք հնարավորին մոտ լինեք:

Սա նշանակում է լուրջ աշխատանք և քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր դեր ունի այստեղ: Միաժամանակ, վստահ եմ, որ այստեղ այսօր շրջապատված ձեր պետության պատմությունը ներկայացնող ձեռագրերով, մենք ստեղծում ենք մի նոր էջ այդ պատմության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս