
Անդրեյ Մակարևիչի բաց նամակը ռուսաստանցիներին. «Հայրենիքը Պուտինը չէ, ոչ էլ իշխանությունը, հայրենիքը մենք ինքներս ենք»

Օրեր առաջ ռուս ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մինչ այդ նամակ էր գրել Ռուսաստանում տիրող կոռուպցիայի մասին, հերթական բաց նամակն է գրել: Այս նամակը, սակայն, նա ուղղել է ոչ թե Վլադիմիր Պուտինին, այլ ռուս ժողովրդին, ՌԴ քաղաքացիներին, որը նա հրապարակել էր «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում:
Հիշեցնենք, Մակարևիչի նամակին ի պատասխան Պուտինը խորհուրդ էր տվել այն հասցեագրել ռուս գործարարներին, որպեսզի նրանք պաշտոնյաներին չհրահրեն կաշառքներ վերցնելու: Հարցին, թե արդյոք ճիշտ չի՞ լինի Անդրեյ Մակարևիչին որպես խորհրդական ընդգրկել կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ՌԴ նախագահը պատասխանել է՝ դժվար թե նման մարդիկ իմանան՝ ի՞նչ է պետք անել:
Անդրեյ Մակարևիչն իր այս բաց նամակի մեջ պատմում է, թե ինչպիսի արձագանքներ ստացավ տարբեր մարդկանց կողմից. որոշները խանդավառվեցին և իրենց աջակցությունը առաջարկեցին, որոշները՝ ծիծաղեցին նրա միամտության վրա: Մակարևիչը ՌԴ նախագահի և գործարարների՝ իր նամակին արձագանքներից հետո որոշեց բաց նամակով այս անգամ դիմել ՌԴ քաղաքացիներին:
«Եկեք մի պահ պատկերացնենք անհնարինը. միացնում ենք հեռուստացույցը և այնտեղից Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը (ճիշտ այնպես, ինչպես Ելցինը, որը նրան ժամանակին բերեց իշխանության) ասում է. «Ռուսաստանցիներ, հոգնել եմ, հեռանում եմ: Աշխատել եմ՝ ուժերս չխնայելով, արել եմ՝ ինչ կարող էի, հեռանում եմ: Բոլորիդ շնորհակալություն, բոլորդ ազատ եք»:
Եվ ի՞նչ: Կարծում եք՝ այդ օրվանից ձեր կյանքը ա՞յլ կերպ կընթանա: Եվ միլիցիան (ներեցեք, ոստիկանությունը, սակայն ի՞նչ տարբերություն) կդադարի մեզ բոլորիս թալանել և կդադարի ճնշումներ գործադրել, և, ընդհակառակը, կսկսի մեզ պաշտպանե՞լ: Իսկ չինովնիկները կդադարե՞ն քերել բյուջեն և «ատկատները» կիսել միմյանց միջև և փոխարենը կզբաղվեն իրենց ուղղակի պարտականությունների կատարմա՞մբ: Իսկ բժիշկները կդադարե՞ն փողեր կլպել դժբախտ հիվանդներից և նրանց բուժմա՞մբ կզբաղվեն: Եվ «Շտապ օգնության» մեքենաները կդադարե՞ն 5000 ռուբլով ուևորներ տեղափոխել սիրենաների ուղեկցությամբ և հանդիպակաց ճանապարհով: Թե՞ կշտապեն հասնել նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Իսկ եկեղեցականները կդադարե՞ն օրհնել ուղղափառ «գրոհայինների» քաջագործությունները, թե՞ կսկսեն բուժել մեր հոգիները: Իսկ պատգամավորները կդադարե՞ն ծիծաղեցնել մեզ ու վարկաբեկել երկիրը և կզբաղվեն այն գործով, ինչ համար նրանց ընտրե՞լ են: Իսկ դատարանները կդատեն օրենքով և ոչ թե իրենց սրտի ուզածով և չգիտես՝ որտեղից հնչած ինչ-որ զանգո՞վ:
Եվ եթե դուք իսկապես կարծում եք, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, գուցե պետք է փորձել հենց հիմա՞՝ Պուտինի օրո՞ք: Չէ՞ որ նա մենթերին չի հրահանգել մեզ «մաքրել», չինովնիկներին՝ մեզ կողոպտել, պատգամավորներին՝ հիմարություններ դուրս տալ: Դատարանի մասին՝ կլռեմ:
Եվ պետք չէ բղավել հայրենասիրության մասին: Հայրենասիրությունը՝ սերն է Հայրենիքի նկատմամբ: Հնարավոր չէ ատել մեկմեկու և միաժամանակ սիրել հայրենիքը: Որովհետև հայրենիքը դա իշխանությունը չէ, պետությունը չէ, բարդիները չեն: Հայրենիքը՝ մենք ենք՝ Ձեզ հետ միասին: Ես, դու, նա: Եվ քանի դեռ մենք չենք դադարել նվաստացնել և կողոպտել մեկմեկու, գողանալ ինքներս մեզանից, քանի դեռ չենք սովորել սիրել մեզ և մեզ շրջապատողներին՝ ոչ ոք և ոչինչ մեզ չի օգնի: Ոչ Աստված, ոչ պատրիարքը, ոչ էլ կոորդինացիոն խորհուրդը:
Նույնիսկ Պուտինը»: