«Խոսրովի արգելոցի» տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մրցույթի հայտարարման ժամկետները դեռևս պարզ չեն, ուստի մրցույթի հայտարարման մասին բնապահպանության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը չի ղեկավարի նոյեմբերի 23-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը: «Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:
Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: