
Հաստատվել են «Տաշիր» հիմնադրամի առաջիկա կարճաժամկետ ծրագրերի ժամկետները

Երեկ տեղի է ունեցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Նիստում հաստատվել են հիմնադրամի առաջիկա կարճաժամկետ ծրագերի կոնկրետ ժամկետները:
Մասնավորաբար Լոռու մարզի մանկավարժների ու երիտասարդ գիտնականների պարգևատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Վանաձոր քաղաքում: Այդ օրը Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգևատրվեն Լոռու մարզի շուրջ 300 մանկավարժներ և 50 երիտասարդ գիտնականներ, ովքեր աշխատում և ստեղծագործում են մարզում:
Ինչպես հայտնի է, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տարիներ շարունակ կազմակերպել է լոռեցի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաք-հանգիստը Ծաղկաձորում: Այս տարի ևս Լոռու մարզի 300 երիտասարդներ կայցելեն Ծաղկաձոր: Այս անգամ՝ դեկտեմբերի 21-ից 23-ը ներառյալ:
Ինչ վերաբերում է Լոռու մարզում կառուցվելիք բժշկական կենտրոնի ծննդատանը, որը կառուցվելու է Կարապետյանների ընտանիքի միջոցներով և որի համար տրամադրվելու է մինչև 2.5 մլն դոլար, ապա հողային աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Դեկտեմբերի ընթացքում մարզում հիմնադրամի աջակցությամբ կանցկացեն նաև մարզական միջոցառումներ, այդ թվում՝ թիվ 32 ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի ֆուտբոլի միջհամայնքային առաջնություն:
Իսկ տարին հիմնադրամը կամփոփի Լոռու մարզի մանկապարտեզների երեխաների և մինչև 4-րդ դասարանի աշակերտների համար Ամանորյա նվերների բաշխմամբ, որն արդեն վաղուց ավանդույթ է դարձել:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն