Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Համմերը» բախվել է «Նիվային». կա մեկ զոհ և հինգ վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի հատվածում, բախվել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 22-ամյա Շահվալադ Խլղաթյանի վարած «Համմեր» մակնիշի 22 ՍԼ 334 համարանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանի վարած «Վազ 2121» մակնիշի 65 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ «Վազ 2121»-ի ուղևորներից 10-ամյա տղա երեխան մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Համմերը» Գյումրիից դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Վազ 2121»-ին, իսկ հարվածն այնքան ուժգին է եղել, որ «Համմերի» առջևի ձախ կողմի անվադողը պոկվել է ավտոմեքենայից:
Փաստի առթիվ Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վիրավոր անձանց ինքնությունը: Վթարի վայր է ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը: Իսկ նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանման տարածք:
shamshyan.com