Պետաիրավականը որոշում չկայացրեց

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկեց ՀԱԿ խմբակցության անդամ 6 պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված  որոշման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով`2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրելու նպատակով:

Հանձնաժողովում հարցը ներկայացնող նախկին զինդատախազ, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ հնարավոր չէ 10 հազարից ավելի ոստիկանների, նույնքան զինծառայողների, հարյուրավոր անվտանգության աշխատակիցների ներկայությամբ մի փոքր տարածքում 10 մարդ սպանել, և այդ սպանություններից որևէ մեկը չբացահայտվի:

Ջհանգիրյանը համարում է, որ կարելի է դրանցից 5-6-ը բացահայտել: Հանձնաժողովը այս հարցում որոշում չկայացրեց, քանի որ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե հանձնաժողովի նիստին բացակայում են առնվազն երկու պատգամավորներ, որոնց կարծիքին ինքը տեղյակ է և նրանց ևս պետք է հնարավորություն տալ արտահայտելու այն:

Խոսքը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի մասին է: Հանձնաժողովի հաջորդ նիստ տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 10-ին, որպեսզի հանձնաժողովը կարողանա այս հարցով իր տեսակետը ներկայացնել ժամը 12-ին սկսվող ԱԺ հերթական նստաշրջանին:

 

Տեսանյութեր

Լրահոս