
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննական մարմնից դժգոհ են երկու կողմերն էլ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի, սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ ոստիկանությանը, իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության հիմքով:
«Փաստինֆոյի» թղթակցին պաշտպանը հայտնել է, որ ինքը միանշանակ կարծում է, որ միջնորդությունը մերժվելու է, քանի որ օբյեկտիվ լինելու պարագայում նախաքննական մարմինն ինքը պետք է դա աներ՝ սեփական նախաձեռնությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախաքննությունից դժգոհ է նաև տուժող կողմը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը միջնորդություն էր ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով վերսկսել գործով նախաքննությունը:
Ըստ կողմի՝ նախաքննական մարմինը չի ապահովել քննության բազմակողմանիությունը: Ըստ Վ. Էլբակյանի, սպանությունը չէր կարող մեկ անձ կատարել, ուստի նախաքննական մարմինը պետք է գործում ներգրավեր հանցագործության այլ հնարավոր մասնակիցների ևս: Միջնորդությունը մերժվել էր:
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել էր ապրիլի 12-ին, սպանության մեջ մեղադրվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը:
Հ. Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 188-րդ հոդվածների առաջին մասերով՝ սպանություն և ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելը, պահելը. ըստ «Փաստինֆո»-ի տվյալների, նրա մոտ հայտնաբերված որսորդական հրացանը հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված չէ: