
«Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթ և վենչուրային կոնֆերանս

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը հայտարարում է Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում կազմակերպվող Վենչուրային կոնֆերանսի անցկացման մասին:
Կոնֆերանսը տեղի կունենա նոյեմբերի 27-28-ին, որի ավարտին կամփոփվեն և կհայտարարվեն դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Ըստ նրանց տրամադրած տեղեկատվության՝ Վենչուրային կոնֆերանսը եզակի հնարավորություն կընձեռի ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոgիաների, բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի և ճարտարագիտական ոլորտների 50 ծրագրերից ընտրված 21 ներդրումային ծրագրերին, որոնք մշակվել են «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Ծրագրի ընթացքում հայ հետազոտողները աշխատել են մասնավոր ձեռնարկությունների հետ համատեղ` նոր գործարար հնարավորություններ բացահայտելու և իրագործելու նպատակով: Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են մասնավոր ներդրողների համար գրավիչ և շահութաբեր գիտահետազոտական առաջարկները: