Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայասատան տեղափոխելու օրը դեռևս հայտնի չէ
Դեռևս հայտնի չէ, թե ե՞րբ ԱՄՆ-ից Հայաստան կտեղափոխվի Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը. մշակույթի նախարարությունը սպասում է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի տեղեկություններին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երգչուհու դին տեղափոխվելու է Հայաստան, և որ ամենայն հավանականությամբ ՀՀ ժողովրդական արտիստուհու դին կհանգչի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
«Հյուպատոսարանից մեզ պետք է տեղեկացնեն, որ փաստաթղթրի հետ կապված բոլոր հարցերը լուծված են, որպեսզի արդեն պետությունը սկսի զբաղվել տեղափոխման հարցերով: Մենք սպասում ենք հյուպատոսարանի պատասխանին, այսինքն՝ այս պահին դեռ որևէ պատասխան չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է նոյեմբերի 20-ին. դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով էր գնացել հիվանդանոց՝ ունենալով ցավի նոպաներ լեղապարկի շրջանում: