Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը չի հերքել, որ գազի գինը կարող է հասնել 330 դոլարի

«Ինտերֆաքս» գործակալության լրագրողը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրույցում կոնկրետ հարց է տվել՝ ըստ ԶԼՄ-ների, Ռուսաստանն առաջարկում է բնական գազի 1000խմ-ի գինը բարձրացնել մինչև 330 դոլար, դա ճի՞շտ է։ Տիգրան Սարգսյանն այդ հարցին պատասխանել է գրեթե նույն ոգով, ինչպես որ վերջերս պատասխանում էր Ազգային ժողովում։ Այսինքն՝ ըստ էության, չի պատասխանել։

«Պետք է ասեմ, որ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ չկարողանանք համաձայնության հասնել։ Եվ երբեք էլ չեն եղել։ Մենք միշտ էլ պայմանավորվել ենք։ Եվ տվյալ դեպքում հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել, մնում են տեխնիկական դետալները, որոնց վրա դեռ հարկավոր է աշխատել», – հարցին ի պատասխան՝ նշել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն մինչև այս տարվա վերջ։

Լրագրողն, այդուհանդերձ, փորձել է կոնկրետացնել՝ իսկ գներն, ամեն դեպքում, կփոփոխվե՞ն, թե՞ ոչ։ «Գները կփոփոխվեն՝ համաշխարհային իրավիճակը հաշվի առնելով։ Ակնհայտ է, որ դրանք չեն կարող հավերժ ֆիքսվել։ Համաշխարհային իրավիճակը փոփոխվում է, գները բարձրանում կամ իջնում են, և, իհարկե, բանակցող երկրները պատք է համաձայնության գան գնի որոշման մեթոդիկայի հարցում։ Այդ դեպքում հետագա փոփոխությունները շատ ավելի հանգիստ կընդունվեն»,- ասել է Տ. Սարգսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե մտավախություններ կան, որ գազի գինը ներքին շուկայում կբարձրանա, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի գազի գնի կոնյունկտուրան՝ կաճի՞, թե՞ կնվազի։ Չեմ ցանկանում հոռետեսական ազդակներ ուղարկել մեր հասարակությանը։ Եկեք սպասենք»։

Գազի թեման «Ինտերֆաքսի» լրագրողը եզրափակել է  հետևյալ հարցով՝ իսկ բանակցությունները կառուցողակա՞ն են ընդունում։ Ինչին Տիգրան Սարգսյանը պատասխանել է՝ ինչպես միշտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս