Դավիթ Հարությունյանը՝ ՀԱԿ հրավիրած արտահերթ նիստի տապալման մասին
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 21-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ Քրեական և Ընտրական օրենսգրքերում փոփոխություններ իրականացնելու նպատակով հրավիրվել էր արտահերթ նիստ, որին չներկայացան Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Հանրապետական», ինչպես նաև «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգմավորները` այդ կերպ չապահովելով քվորում:
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը 168.am-ի հարցին` նոյեմբերի 21-ին ԱԺ մեծամասնության կողմից արտահերթ նիստի տապալումը հակասո՞ւմ է ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ, պատասխանեց. «Կարծում եմ` ոչ»:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունն, ինչպես հայտնի է՝ հայտարարել է, որ չկայացած ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ իրենք դիմելու են ոչ թե ՍԴ, այլ՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողով: Այս առնչությամբ՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ «յուրաքանչյուր ոք իրավունք նի դիմել Էթիկայի հանձնաժողով»:
Իսկ մեր հարցին` ԱԺ մեծամասնության գրեթե բոլոր պատգամավորների կողմից նիստին չներկայանալը էթիկայի կանոնների խախտո՞ւմ է, թե՞ ոչ, Դ.Հարությունյանը պատասխանեց, թե «Էթիկայի հանձնաժողովն է որոշում` խախտում կա՞, թե՞ ոչ»:
Իսկ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ նիստի տապալումը հակասահամանադրական է, և ՀԱԿ-ն այդ կապակցությամբ դիմելու է Սահմանադրական դատարան:
Հ.Գ. Ներկայացնում ենք նաև ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը` Ազգային ժողովում նիստ հրավիրելու վերաբերյալ.
«Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը՝ Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ։ Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով ևւ ժամկետում»: