Ինչո՞ւ են արտագաղթում Հայաստանից
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով` ինչո՞ւ են երկրից արտագաղթում, և արդյո՞ք դա չի մտահոգում իշխանություններին: ««Արտագաղթ», «ժողովրդի սոցիալական վիճակ» բառերը վերջին ժամանակներս դարձել են նորաձև:
Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է ինձ համոզել, որ երկրից մեկնողները կամ արտագնա աշխատանքի մեկնողները սկսել են հենց վերջին 5 կամ 2-3 տարիներին, ես պատրաստ եմ ողջ պատասխանատվությամբ պատասխանել այդ հարցերին և որոշակի քայլեր կատարել:
Մենք գիտենք, որ փոքր պետություն ենք: Մենք գիտենք, որ մեր տնտեսությունը սովետական պետության համեմատ գտնվում է բավականին այլ հարթության վրա, և մեր հայրենակիցները ստիպված են արտագնա աշխատանքի կամ իրենց առօրյան կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան, վերջին ժամանակներս` նաև եվրոպական պետություններ: Եթե սա չի վնասում մեր պետությանը, մեր դեմոգրաֆիական աճին, չեն գնում այնտեղ ընտանիքներ կազմում-հաստատվում, և դա մասսայական չէ, ապա ես դրանում վատ բան չեմ տեսնում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը, ում խոսքով` ինքը Սպիտակից է, և որպես ուսանող` եկել է Երևան և մնացել, թեև մինչ օրս իր հայրական ընտանիքը գտնվում է Սպիտակում:
«Բայց Սպիտակը մեկ բնակիչ կորցրեց, ճի՞շտ է: Գյուղում մենք պետք է կարողանանք բավարարել երիտասարդների պահանջմունքները»,- նշեց Հովհ. Սահակյանը:
Ըստ նրա` մեր կյանքում ամեն ինչ փոխվել է, օրինակ, նախկինում ուսանողները բուհն ավարտելուց հետո աշխատանքի էին ընդունվում գյուղերում, մինչդեռ այսօր փոխվել են երիտասարդների պատկերացումները: Այսօր երիտասարդները ձգտում են ոչ թե դեպի գյուղեր, այլ դեպի Եվրոպա:
«Այսօր եթե գյուղի մթերային խանութում վաճառվում է հավկիթ, կանաչի, ուրեմն, այդ գյուղը խնդիր ունի: Խոսքս ընդունեք անկեղծ, որովհետև ես ինքս մարզից եմ` Սպիտակի շրջանից, որպես ՀՀԿ-ի շրջանային խորհրդի նախագահ` կապը պահում եմ 20 գյուղերի հետ, և տեսնում եմ առօրյան»,- ավելացրեց պատգամավորը: