Մենք շատ կկարոտենք իրեն, շատ կհիշենք
«Առաջին անգամ Ֆլորա Մարտիրոսյանին հանդիպեցի Ջիվան Գասպարյանի 80-ամյակի կապակցությամբ Երևանում կազմակերպված համերգից հետո։ Շտապում էի նրան հայտնել, որ աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Պիտեր Գաբրիելը, ով այդ օրերին Հայաստանում էր, շատ տպավորված է նրա ելույթից և նրա յուրահատուկ ձայնից։
Պետք է նշեմ, որ այդ օրը հանդես եկած հայազգի բոլոր արտիստներից միայն Ֆլորան էր իր կատարմամբ շատ մեծ տպավորություն թողել Պիտեր Գաբրիելի վրա։ Նա այդ օրն ինձ խնդրեց, որ իրեն ուղարկեմ Ֆլորայի երգերը։ Վերջերս հանդիպեցի Ֆլորային Երևանում: Երկար խոսում էինք նրա «Այլևս երբեք» («Never again») նախագծի մասին: Շատ մեծ պլաններ ուներ Ֆլորան և շատ քիչ աջակցություն։ Ես ապշել էի, որ նրա յուրօրինակ այդ նախագիծը Հայաստանում չէր ստանում համապատասխան արձագանք։
Վատ էի զգում, որ Ֆլորայի նման արտիստը պետք է զանգի այս ու այն կողմ, որպեսզի իրեն օգնեն՝ իրագործելու համար այդ նախագիծը։ Ինքս փորձեցի օգնել՝ ինչով կարող էի, և որոշ արդյունքների հասանք։
Շատ մեծ էներգիայով և սպասումներով մեկնեց Լոս Անջելես՝ պայքարելու անվերջ ցանկությամբ, որպեսզի ամեն գնով 2013 թվականին Փարիզում տեղի ունենա եվրոպական «Այլևս երբեք» համերգը։ Չեմ ուզում հավատալ, որ Ֆլորայի այդ նախագիծը հեռացավ հայերից իր հետ միասին…
Արդյոք մեր հայրենակիցները հասկացա՞ն, որ Ֆլորան միակ արտիստն էր, ով կարողացավ հայկական այդ նախագծի մեջ ներգրավել Սթիվի Ուանդերի պես հզոր երգչին… Արդյոք հասկացա՞ն, թե ի՞նչ գնով նա դրան հասավ, արդյոք մենք դա գնահատեցի՞նք։ Շատ անտրամադիր էր Ֆլորան վերջին մեր խոսակցության ժամանակ։ Անընդմեջ ասում էր. «Գարիկ ջան, չեն հասկանում, թե ես ինչ մեծ բան եմ անում…»։
Եվ իրոք, չէին հասկանում, կամ՝ չէին ուզում հասկանալգ Դա մեր ազգին շատ յուրահատուկ է։
Ֆլորան հեռացավ` տանելով իր հետ ապագային ուղղված իր նախագծերը, իր երազանքները և իր անկրկնելի ձայնը… Մենք շատ կկարոտենք իրեն, շատ կհիշենք, և հուսով եմ` մեզանից ոմանք գուցե ձեռք մեկնեն և Ֆլորայի սկսած նախագիծը առաջ մղեն: Այդպիսով մենք ցույց կտանք, թե որքան ենք սիրել և հարգել մեր ազգի «Դլե Յամանի» վարպետ Ֆլորա Մարտիրոսյանին։
ԳԱՐԻԿ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի (Instituto de Astrofisica de Canarias (IAC)) աշխատակից, աստղաֆիզիկՈՍ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի մրցանակակիր