Ծառերը կարելի է հատել՝ անտառը վերականգնելու նպատակով . «Հայանտառի» տնօրեն

«1990-ականներին Հայաստանում մեծ չափերի էին հասել ապօրինի անտառհատումները։ Դա անտառային համակարգին մշտապես ուղեկցող երևույթ է: Ապօրինի անտառհատումներն ուղեկցում են նաև այսօր և՛ զարգացած երկրների անտառային համակարգերին, և՛ Հայաստանին: Խնդիրն անտառհատումների  ծավալների տարբերության մեջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

Ըստ Մ.Մաթևոսյանի, վերջին տարիների համաշխարհային էներգետիկ ճգնաժամը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է թողնում մեր անտառային տարածքների ծառահատումների վրա: «Չնայած այն հանգամանքին, որ կառավարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի շնորհիվ Հայաստանում մեծածավալ օրինական հատումներ իրականացվեցին՝ անտառների վերականգնման նպատակով, ամեն դեպքում քիչ չեն եղել նաև ապօրինի հատումները:  Նշված ժամանակաշրջանում գրեթե անտառազրկվեցին մեծ բնակավայրերի հարակից անտառները, մասնավորապես՝ Վանաձորի, Իջևանի»,- ասում է նա:

Մեր այն հարցին, թե ինչպես կարելի է անտառները վերականգնել՝ ծառեր հատելու միջոցով (թեկուզև՝ օրինական), Մաթևոսյանը պատասխանեց. «Իրականում անտառի վերականգնման համար հարկավոր է կատարել հատում: Հնարավոր է՝ զարմանալի հնչի, բայց սանիտարական ծառահատումների ընթացքում կտրում են նաև առողջ ծառ, որն իրենով կարող է վնասել նաև վերականգնման ենթակա տարածքը: Պետք է նշեմ այն, որ եթե անգամ հատում ենք առողջ ծառեր, դրանց փոխարեն տնկում ենք շատ ավելի բարձրորակ ծառատեսակներ»: Այն հարցին, թե որ ծառերն են հիմնականում հատվում, «Հայանտառի» տնօրենը նաև պատասխանեց, որ հատման ենթարկվում է հիմնականում բոխին:

Ըստ Մաթևոսյանի, վերջերս շրջանառվող գազի գների թանկացման մասին լուրերը հնարավոր է նույնպես իրենց բացասական ազդեցությունը թողնեն ապօրինի անտառահատումների վրա: «Գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակը, վառելիքի գների պարբերաբար թանկացումները հնարավոր է ստիպեն գյուղացիներին՝ հատել ծառեր՝ փայտը որպես վառելիք օգտագործելու նպատակով, սակայն մեր կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է ստուգումներ և խախտում հայտնաբերելու պարագայում արձանագրում և միջոցներ է ձեռնարկում դրանց կանխման ուղղությամբ»,- իր խոսքում նշեց բանախոսը:

Ըստ նրա՝ միջազգային կառույցները նույնպես մշտապես հետևում են սոցիալական խնդիրներ ունեցող երկրների անտառային տարածքներին, որտեղ առկա են մեծածավալ անտառային հատումներ: «2004-2011թթ. ընկած ժամանակահատվածում անտառների վերականգնման աշխատանքների են ենթարկվել ավելի քան 30 հազար հա անտառատարածքներ»,- նշեց Մ.Մաթևոսյանը:

Ելենա Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս