
ԲՀԿ-ն չի մասնակցի ՀԱԿ-ի ակցիային, բայց միացել է նախաձեռնությանը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ը վաղը` ժամը 2-ին, Ազգային Ժողովի դիմաց արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ կանցկացնի բողոքի ակցիա, և «ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգված շահագրգիռ բոլոր քաղաքացիներին» հրավիրեց ԱԺ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հարցին, թե ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է այդ ակցիային, թե՞ ոչ, պատասխանեց.
«Ակցիային մասնակցելու խնդիր այս պահի դրությամբ մենք չենք քննարկել: Մեր պատգամավորները կմասնակցեն արտահերթ նիստին: Իսկ այն պատգամավորները, ովքեր կցանկանան դուրս գալ և հանրությանը մեկ-երկու խոսք ասել, բնականաբար ազատ են դա անելու: Մենք միացել ենք ՀԱԿ-ի նախաձեռնությանը` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի և հարակից մի շարք այլ օրենքների վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու համար: Այլ խնդիրներ` ակցիաներ և այլն, մենք չենք քննարկել»: