Christie’s-ը և Sotheby’s-ը ռեկորդային շահույթ են ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)

Նյու-Յորքում օրեր առաջ Christie’s աճուրդի տան՝ հետպատերազմյան և ժամանակակից արվեստի գործորի վաճառքից ստացված ընդհանուր շահույթը կազմել է 412, 253, 100 միլիոն դոլար:  Դա ռեկորդային ցուցանիշ է այդ կատեգորիայում երբևէ տեղի ունեցած վաճառքներից:  Աճուրդի թոփ լոտը Էնդի Ուորհոլի 3 մետրանոց «Ազատության արձանը» (Statue Of Liberty) 1962թ. ստեղծագործությունն էր, որը վաճառվել է 43,7 միլիոն դոլարով:

Պոպ-արտի հիմնադիր նկարչի՝ «Ազատության արձանը» շարքի միակ աշխատանքն էր, որը գտնվում էր մասնավոր անձանց հավաքածուի մեջ: Մնացած երկուսը թանգարանների սեփականություն են հանդիսանում, այդ թվում՝ Ուորհոլի ծննդավայր Պիտսբուրգի թանգարանում:  Ուորհոլի «Մարլոն Բրանդո» նկարը վաճառվեց 23,7 միլիոն դոլարով:

Երկրորդ ամենաթանկարժեք աշխատանքն ամերիկացի նկարիչ Ֆրանց Կլեյնի (Franz Kleine) 1957թ.  «Անանուն» աբստրակցիան էր, որը վաճառվել է 40,4 միլիոն դոլարով:

Երրորդ ամենաթանկ վաճառված ստեղծագործությունը Ջեֆֆ Կունսի (Jeff Koons) հայտնի «Կակաչներն» էին, որ ստեղծվել են 1995-2004թ.: «Կակաչները» վաճառվեցին 33,7 միլիոն դոլարով: Նկարչի ոճն արվեստաբանության մեջ կոչվում էր պոստ-պոպ կամ կիտչ: Կունսի առաջին գործերից էր 1988թ. արված Մայքլ Ջեքսոնի ոսկեգույն քանդակը՝ կապիկը ձեռքին: Այնուհետև հայտնվեցին նրա հսկայական փչովի, փայլուն և վառ գույներով խաղալիքները:  80-ականներին Ջեֆֆ Կունսի և իտալուհի պոռնոաստղ Չիչոլինայի հինգ տարի տևողությամբ սիրավեպի մասին գրում էր գրեթե ողջ դեղին մամուլը:

Նույնիսկ նշվում էր, որ նա ցինիկաբար ամուսնացավ Չիչոլինայի հետ՝ զուտ PR նպատակներից ելնելով: Հենց այդ թվականներին նա սկսեց ստեղծել իր պոռնոգրաֆիկ քանդակները, որոնք ամենասկանդալային իրադարձություններն էին դարձել այդ ժամանակների արվեստում: Ամուսնալուծությունից հետո Չիչոլինան հեռու էր մնում լրագրողներից: Միայն մեկ նախադասություն է ասել իրենց սիրավեպի մասին. «Երջանիկ եմ: Ես նրան սիրում էի»:

Sotheby’s-ն՝ իր հերթին, լավ՝ 375,1 միլիոն դոլար  եկամուտ էր ունեցել նմանատիպ՝ ժամանակակից արվեստի ցուցահանդես-վաճառքի միջոցով: Ամենաթանկը վաճառվել էր Մարկ Ռոտկոյի նկարներից մեկը՝ 75,1 միլիոն դոլարով:  Ռոյ Լիխտենշտեյնի «Կարմիր շապիկով մերկ կինը» նկարը վաճառվել էր 28,1 միլիոն դոլարով:

Տեսանյութում ներկայացվում է Էնդի Ուորհոլի «Ազատության արձանը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս