Վահե Ավետյանի ընկերը դատարանում պատմում է դեպքի օրը տեղի ունեցած մանրամասները
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Այսօր դատարանում հարցաքննվում է տուժող Գարիկ Սողոմոնյանը: Նրա ցուցմունքները գրեթե ոչնչով չեն տարբերում գործով տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքներից:
Նա պատմեց, որ Արզնիի ձորում իրենց ընկերոջ՝ Արկադիի ծնունդը նշելուց հետո, այն շարունակելու նպատակով իրենք գնացել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: «Հարսնաքար» գնալու գաղափարն, ըստ նրա՝ եղել է Վահե Ավետյանինը: Գ. Սողոմոնյանի խոսքով՝ ռեստորանային համալիրի մոտ իրենց դիմավորել է Վահեի ծանոթ՝ ռեստորանի երգիչ Դավիթը:
Ըստ նրա՝ երբ Վահեն գնացել է լվացվելու, իրենք կանչել են մատուցողին և սուրճ են պատվիրել, սակայն մատուցողն իրենց ասել է, թե՝ ձեր ընկերը ցանկանում է դուրս գալ ռեստորանից:
Գ. Սողոմոնյանի խոսքով՝ Վահեն եկել և իրենց ասել է, որ իրեն ասել են, թե իր սպորտային տաբատի հետ կապված խնդիր կա, ու ինքը չի կարող դրանով մնալ ռեստորանում: Գ. Սողոմոնյանի ասելով՝ Վահեն հաշիվը փակել է (նախապես սեղան են պատվիրած եղել), և ասել է, որ ժամը 12-ին 5 պակաս էլ լինի՝ իրենք հետ են գալու ու շարունակելու են քեֆը: Սակայն Վահեի ընկերներն առաջարկել են Վահեին գնալ տաբատը փոխել ու վերադառնալ, ու Վահեն գնացել է:
Գ. Սողոմոնյանի ասելով՝ 20-25 րոպեից Վահեն վերադարձել է, և իրենք՝ ուտելիք պատվիրելու համար կանչել են մատուցողին, և Վահեն մատուցողին հարցրել է՝ կարո՞ղ է գլխարկով էլ չի կարելի: Մատուցողն էլ, ըստ Գ. Սողոմոնյանի՝ ասել է. «Կարո՞ղ ա կայֆավատ ես լինում վրես»: Վահեն, ըստ Գ. Սողոմոնյանի՝ պատասխանել է. «Չէ, ուղղակի հարցնում եմ, եթե ասում էիք տաբատով չի կարելի, կարող ա՝ գլխարկով էլ չի կարելի»:
Դրանից հետո, ըստ Գ. Սողոմոնյանի, մատուցողը Վահեին ասել է. «Դուրս արի՝ կասեմ»: Ու նրանք դուրս են եկել:
Գարիկ Սողոմոնյանի պատմելով՝ մի քանի րոպե անց ինքը նույնպես դուրս է եկել սրահից ու ճանապարհին հանդիպել է մեղադրյալ Նորայր Հայրապետյանին, ու, ըստ նրա՝ ինքը Նորայրին պատմել է, թե ինչի համար են տղաները դուրս եկել: «Ես ու Նորայրը չհասած ավտոկայանատեղի, տեսա, որ սկսեցին խփել տղաներին: Տեսա, որ Վահեն հետ-հետ էր գնում խփվելուց: Հետո այդ շրջանի մեջ մտավ Նորայրը, որոնք խփում էին տղաներին, և երբ ես էլ մտա այդ շրջանակի մեջ, Նորայրը շրջվեց ու սկսեց ինձ խփել: Երբ ինձ խփեց, ես ընկա ու փերբ փորձում էի վեր կենալ, մյուս կողմերից էլ սկսեցին խփել ինձ»,- պատմում էր Գարիկ Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ ինքը դրանից հետո ուշագնաց է եղել և երբ ուշքի է եկել, տեսել է մի քիչ այն կողմ ընկած Վահեին: «Մոտեցա, բայց նա ռեակցիա չէր տալիս, վազեցի սրահ, որ ջուր բերեմ, սրահ չհասա, բայց մատուցողներից մեկն ինձ բաժակով ջուր տվեց, տարա Վահեին, բայց նա ուշքի չէր գալիս»,- պատմում է նա:
Հետո, նրա խոսքով՝ իրենք տղաներով Վահեին դրել են մեքենայի մեջ ու տեղափոխել են հիվանդանոց, բայց ճանապարհին, ըստ Գ. Սողոմոնյանի՝ Վահեի շնչառությունը կանգ առավ…»:
Դատավարությունը շարունակվում է: Մանրամասներն՝ առաջիկայում: