Սամսոն Ղազարյանը սկսեց խոսել
Խարդախության ու վաշխառության մեջ մեղադրվող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ գործով այսօրվա նիստում ամբաստանյալը սկսեց ցուցմունքներ տալ, որոնք աշխատանքային օրվա ավարտի հետ կապված ընդհատվեցին և կշարունակվեն նոյեմբերի 23-ի դատական նիստում:
Մինչ այդ, պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին (գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ):
Ըստ ամբաստանյալի պաշտպան Վարդան Զուռնաչյանի, պաշտպանական կողմը հիմնավոր կասկածներ ունի, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի տուժողի նկատմամբ: Այդ պատճառով դատավորը հուշում է նրան պաշտպանական կողմի տված հարցերի պատասխանները՝ օգնելով կողմին խուսափել հարցերին ճիշտ պատասխան տալուց և իրականությունը բացահայտելուց: Ըստ պաշտպանական կողմի, դա հնարավորություն չի տա դատավորին ապացույցներն օբյեկտիվորեն գնահատել: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սամսոն Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, նույնպես նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս, ապա 5 տոկոս, այնուհետև 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար: