Ազգային հավաքականի 150-րդ հանդիպումը, Սարգիս Հովսեփյանի 132-րդ խաղը, Հենրիխ Մխիթարյանի 10-րդ գոլը
Հայաստան – Լիտավ ընկերական հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է հետաքրքիր վիճակագրություն։
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած Հայաստան-Լիտվա հանդիպումը հոբելյանական էր բազմաթիվ առումներով: Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր իր 150-րդ հանդիպումը, իսկ Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ 132-րդ անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է, որը մոտակա մի քանի տարիներին շատ դժվար կլինի գերազանցել:
Ազգային հավաքականի կազմում իր 7-րդ գնդակը խփեց Էդգար Մանուչարյանը, ով իր խփած գոլերի քանակով հավասարվեց Արա Հակոբյանին և Մարկոս Պիզելիին: Կառլեն Մկրտչյանը դարձավ 47-րդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Մկրտչյանից պահանջվեց 26 խաղ` ազգային հավաքականում առաջին գոլը խփելու համար: Հոբելյանական` 10-րդ գնդակը խփեց Հենրիխ Մխիթարյանը, ով ընդամենը մեկ գնդակով է ետ մնում Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանից: Ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը