Մինչև այսօր պարզ չէ երեխաների թունավորման պատճառը
Մինչ օրս չեն ստացվել բակտերիոլոգիական հետազոտության արդյունքները, թե ինչից էին թունավորվել Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզի երեխաների մի մասը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի վարիչ Գայանե Գասպարյանը: Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին, և նախատեսված էր, որ հետազոտության արդյունքները պետք է ստացված լինեին դեռ նոյեմբերի 9-ին:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ևս նշեց, որ հետազոտության արդյունքները դեռևս պարզ չեն: Վերջինիս հաղորդմամբ՝ անալիզներ վերցվել են ոչ միայն սնունդից, այլև մանկապարտեզի այլ առարկաներից: Թե՛ Գայանե Գասպարյանը, թե՛ Անահիտ Հայթայանը հույս հատնեցին, որ հետազոտության արդյունքները պարզ կլինեն այսօր:
«Առավոտյան ստացվել է, որ անձնակազմից վերցված անալիզները մաքուր են եղել: Այդ արդյունքների հիման վրա վերջնական եզրակացության պիտի գան: Կարծում եմ, որ այսօր կլինեն արդյունքները, քանի որ էլ անալիզներ չկան վերցնելու»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանե Գասպարյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա: Թունավորվածները 3-6 տարեկան երեխաներ էին: Նրանք սրտխառնոց, փսխում են ունեցել, որոնք, ըստ Առողջապահության նախարարության` առաջացել են սիսեռով, բրնձով, հավի մսով պատրաստված ապուրի օգտագործումից 2,5 ժամ անց:
168.am-ի հետ զրուցում մանկապարտեզի վարիչը մի քանի օր առաջ նշել էր, որ թունավորված երեխաների թիվն այդքան մեծ չէր եղել. «Ուղղակի շատ մեծ աղմուկ բարձրացավ: Թունավորված երեխաներին միացան նաև այն երեխաները, ում ծնողներին զանգել և ասել էինք՝ եթե երեխաները վատ կզգան, ջերմություն կունենան, Դուք բերե՛ք հիվանդանոց: Ոմանք իրենց երեխաներին վերցրել-բերել էին: Երբ բժիշկները նրանց հարցրին՝ ինչո՞ւ եք բերել հիվանդանոց, երեխաները տաքություն չունեն, նրանք ասացին, որ՝ մեզ կանչել են, դրա համար ենք երեխաներին բերել: Այդպես թունավորված երեխաների անունները հասան 13-ի»: