Եկեք կառավարությանը հեռացնենք. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում անդրադառնալով նվազագույն աշխատավարձի բարձացման մասին խնդրին, նշեց.  «Եթե մենք խոսում ենք այնպիսի նվազագույն աշխատավարձի մասին, որը պետք է ծածկի սոցիալապես ընդունելի  մակարդակը, այսինքն՝ գոնե պետք է համարժեք  լինի սպառողական նվազագույն  զամբյուղին, ապա սրա նպատակը նաև աշխատանքի արտադրողականությունը խրախուսելն է, մարդուն հնարավորություն տալ, որպեսզի  վերականգնի իր ծախսած էներգիան:

Պատեկերացրեք, թերսնվող, նվազագույն աշխատավարձ ստացող մարդը որքան վնաս է տալիս ոչ միայն իր ընտանիքին, իր անձին, այլ նաև պետությանը, որովհետև այս նույն քաղաքացին, որը ստանում է ավելի քիչ, քան անհրաժեշտ նվազագույնը, ապա նա նաև հետո բեռ է դառնում պետության առողջապահության ծախսումների վրա, բեռ է դառնում մեր հասարակության վրա, բեռ է դառնում մեր պետականության վրա»:

Ըստ պատգամավորի՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ եկամուտների 95%-ը գնում է սպառման վրա, ցածր եկամուտներ ունեցող սպառողների 60%-ն իրենց սպառման ծախսերը սպառում են բացառապես պարենային ապրանքների՝ սննդի վրա, իսկ սննդի բաղադրիչի 80%-ը տեղական արտադրություն է:

«Մենք խրախուսում ենք նվազագույն աշխատավարձի բարձրացման նաև տեղական արտադրությունը: Շատ պարզ բանաձև է: Կառավարությանն այսքան բացատրելուց հետո կանգնում-ասում է՝ մենք չենք կարող ապահովել: Լավ, չեք կարող, բայց դրա ճանապարհը կա՝ գնացեք, ով կարող է կգա՝ կանի: Եթե Դուք չեք կարող, չեք էլ ուզում գնալ, էդ դեպքում ի՞նչ լուծում պետք է տալ:

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ ակնհայտ է, հարգելի՛ պատգամավորներ, մենք ձեզ հետ միասին պետք է հեռացնենք այս կառավարությանը, հակառակ դեպքում նվազագույն աշխատավարձ, աղքատության շեմից ցածր ստացողին ձեզ հետ միասին ոչինչ չենք կարող բացատրել, սովալլուկ երեխային, մանուկին ոչինչ չենք կարող բացատրել, որ հայրենի կառավարությունը չի կարողանում ապահովել կամ գտնել 16,7 մլրդ  դրամ»,- ասաց Ա. Մինասյանը՝ կոչ անելով կառավարության առջև պահանջ դնել:

Պատգամավորի խոսքով՝ այլևս անցել են սոված պայքարելու տարիները: «Ես պատրաստ եմ անգամ մանդատս վայր դնել, եթե դուք ընդունեք և կիրառեք այս գործողությունները»,-եզրափակեց պատգամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս