Բաժիններ՝

Կարապետյան եղբայրները 2 մլն դոլարից ավելի գումար կտրամադրեն Վանաձորի ծննդատան կառուցման համար

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կֆինանսավորի Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը:

Առողջապահական այդ համալիրի շինաշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում: Այն կառուցվելու է Համաշխարհային բանկի միջոցներով, իսկ շուրջ 2500 քմ տարածքով ծննդատունը՝ «Տաշիրի» աջակցությամբ, որի համար Կարապետյան եղբայրները, նախնական հաշվարկներով, կտրամադրեն 2 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար: Ըստ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից դեկտեմբերի 20-ին Վանաձորում կյանքի կկոչվի ևս երկու ծրագիր. Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգևատրվեն Լոռու մարզի մոտ 50 երիտասարդ գիտնականներ, ովքեր ապրում, աշխատում և ստեղծագործում են մարզի տարածքում, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր դպրոցների և միջին մասնագիտական ուսհաստատությունների շուրջ 300 մանկավարժներ:

Ուսուցիչների թեկնածությունները ներկայացվել են դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից: Սամվել և Կարեն Կարապետյանների հովանավորությամբ վերջին տարիների ընթացքում պարբերաբար կազմակերպվել է Լոռու մարզի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաքն ու հանգիստը Ծաղկաձորում: Համագործակցելով «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության հետ՝ նմանատիպ մի ծրագիր էլ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կիրականացնի դեկտեմբերին՝ ընդգրկելով շուրջ 300 երիտասարդների:

Հիշեցնենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից նաև Ստեփանակերտում է կառուցվում նոր հանրապետական հիվանդանոց, որն առաջիկայում շահագործման կհանձնվի: Հինգհարկանի շենքում կտեղակայվի հոսպիտալը, հիվանդների ընդունելության սրահը, շտապօգնության կայանը, ծրագրային հեմոդիալիզի բաժինը, թերապևտիկ, վիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, ինչպես նաև VIP բաժանմունքները։ Հիվանդանոցը համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշներին։

Կարդացեք նաև

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս