«Հայաստանը քայլ առ քայլ իրեն դիրքավորում է՝ որպես կառավարման օբյեկտ». Հարություն Մեսրոբյան

Նախագահական ընտրություններից առաջ ավելի հաճախակի են դարձել քննարկումները հայաստանյան քաղաքական զարգացումների վրա գերտերությունների հնարավոր ազդեցությունների մասին: Խոսքը հատկապես Ռուսաստանի մասին է, որն ամեն կերպ ձգտում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը:

Կա կարծիք, որ եթե գործող նախագահը համաձայնի Ռուսաստանի առաջարկին` մտնել Եվրասիական միություն, ապա Մոսկվան ամենևին դեմ չի լինի ներկայիս իշխանության պահպանմանը: Այս իրավիճակը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը բացասաբար է գնահատում: «Նախ՝ կառավարման իմաստով երկու պրոցեսներն էլ վատն են, լինի դա Եվրոպական միությունը թե Եվրասիական միությունը,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի և Ռուսաստանի կողմից առաջարկվող Եվրասիական միության առաջարկի  և Հայաստանի ներքաղաքական դասավորությունների վրա գերտերությունների ազդեցության մասին, ասաց Հարություն Մեսրոբյանը` պարզաբանելով,- Ասեմ` ինչու. կառավարման մեջ դու կա՛մ կառավարման սուբյեկտ ես, կա՛մ կառավարման օբյեկտ: Կառավարման սուբյեկտ ես, երբ կարողանում ես որոշ չափով քո որոշումներն ընդունել և իրագործել, կառավարման օբյեկտ, երբ քեզ են պարտադրում ինչ-որ որոշումներ ընդունել և ենթարկվել: Դժբախտաբար, 1991թ.-ից  ի վեր Հայաստանը քայլ առ քայլ իրեն դիրքավորում է՝ որպես կառավարման օբյեկտ:

Իսկ լինել կառավարման օբյեկտ՝ նշանակում է, որ վաղը վերևներում` գերտերություններում, ինչ որոշում կայացվի՝ դա կլինի ի վնաս մեզ, որովհետև մենք ոչինչ չենք կարողանա անել: Հետևապես, նոր Հայաստանը պետք է այդ հիվանդությունից ազատվի, ինքը պետք է քայլ առ քայլ նպատակ դնի՝ դառնալ կառավարման սուբյեկտ:

Հիմա դուք ճիշտ ձևով կհակադրվեք ինձ և կասեք` բայց Ռուսաստանի հզորությունը, Եվրոպան, ինչպե՞ս կարող ենք մրցել նրանց հետ: Ասեմ. շատ հեշտ: Կառավարման իմաստով այդ պատասխանը կա. եթե դու համեմատաբար փոքր ուժ ես (որովհետև ես չեմ կարծում, որ Հայաստանը և հայությունը փոքր են), եթե դու հավակնում ես դառնալ կառավարման սուբյեկտ, քեզ կփորձեն ճնշել, տեղը դնել, և այլն, բայց հաշվի չառնել, որ դու վերափոխվում ես՝ չեն կարող, որովհետև պետք է խուլ ու համր լինել, չտեսնելու համար, որ դու ձևավորվում ես: Եվ  գերտերությունը, ուզի թե չուզի, պետք է հաշվի առնի իր հաշվարկների մեջ այդ նոր ուժը, ինչքան էլ զորեղ չլինի; Մի բան է, երբ դու հաշվի ես առնում մի երևույթ, որը պատրաստ է քեզ ենթարկվել, և մեկ այլ բան է, երբ դու հաշվի ես առնում մի երևույթ, որը չի պատրաստվում քեզ ենթարկվել»:

Կարդացեք նաև

Ըստ փորձագետի` մարդկության պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ այսպիսի թվացյալ փոքր ուժերը, կամաց-կամաց փորձելով կառավարման օբյեկտից վերափոխվել կառավարման սուբյեկտի, ի վերջո, ստանձնել են որոշակի դերակատարություն, այսինքն՝ նրանց որոշումների հետ չեն կարողացել հաշվի չնստել:

«Սա է մեր ամենակոպիտ սխալը: Հետևաբար, այս իմաստով` ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Եվրասիական նոր միավորումն ընդունելի չեն, որովհետև երկու դեպքում էլ մենք շարունակելու ենք մնալ մեր որդեգրած կառավարման օբյեկտի կարգավիճակում, ինչն ուղղակի կործանարար է հայության և Հայաստանի համար»:

Հաշվի առնելով Ռուսաստանի մեծ ազդեցությունը Հայաստանի քաղաքական դաշտի և տնտեսության վրա, ռուսական ռազմաբազաների առկայությունը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական դիրքը, ինչպե՞ս պետք է Հայաստանը կառավարման օբյեկտից վերածվի կառավարման սուբյեկտի, պետք է ավելի հստակ օրիենտացիոն քաղաքականությո՞ւն որդեգրի: Այս հարցին ի պատասխան` Հ.Մեսրոբյանն ասաց.

«Հաշվի առնելով բոլոր այն ուժերը, որոնք խաչվում են մեր տարածաշրջանում, պետք է օգտագործենք նրանց միջև հակասությունները և սկսենք ձևավորել և քայլ առ քայլ վարել հայաստանակենտրոն քաղաքականություն: Եթե դու համեմատաբար ուժեղ չես, և քո առջև մեկ ուժ կա՝ քո հնարավորությունները քիչ են, բայց եթե քո առջև մի քանի ուժեղ կենտրոններ կան՝ քո հնարավորությունները կտրուկ բարձրանում են, որովհետև, եթե հմուտ, խելոք և հեռատես ես, սկսում ես աշխատել այդ ուժերի հակասությունների վրա և դառնում ես գործոն»:

Հարցին` նկատի ունի, այսպես կոչված, հավասարակշռմա՞ն քաղաքականությունը, նա պատասխանեց. «Ե՛վ հավասարակշռման, և՛ այդ հակասություններն ի օգուտ Հայաստանի օգտագործման: «Հայաստանը հիմա վարում է լողացող, ենթարկվող կարգավիճակով քաղաքականություն: Այսինքն` իրենք կոնյունկտուրային են գնում, հիմա տեսնում են` մի քիչ ձեռնտու է սրա ջրաղացին ջուր լցնել, սա են անում, հետո` մյուսին: Այնտեղ չկա հայաստանակենտրոն քաղաքականություն: Գնում է հաճոյանալու քաղաքականություն, իսկ հաճոյանալու քաղաքականությունը նշանակում է, որ դու չես օգտագործում կամ սեղանին չես դնում քո շահերը, այլ փորձում ես մանևրել: Մանևրելն ուրիշ է, իսկ գերտերությունների հակասություններն ի շահ Հայաստանի օգտագործելն՝ ուրիշ է»:

Մեր հարցին`ի վերջո, Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական, ընտրությունը դեպի ո՞ր կողմը պետք է լինի, փորձագետը պատասխանեց.

«Ոչ մեկի: Երկու դեպքում էլ միանշանակ մենք պետք է համաձայնենք առավելագույնը ինչ-որ ասոցիացված կարգավիճակի, բայց ոչ անդամի, որովհետև, երբ դառնում ես ինչ-որ խոշոր հավաքական մի երևույթի անդամ, դառնում ես կրկնակի, եռապատիկ թույլ, քանի որ ստիպված ես ենթարկվել այն գերկառույցի կարգադրություններին, որի անդամն ես»:

Ի դեպ, Հ.Մեսրոբյանն այս համատեքստում անդրադարձավ նաև վերջերս Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմանը, ըստ որի՝ երկրի բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել Եվրամիության կազմից դուրս գալուն:

Կառավարման փորձագետը նշեց, որ վերջին շրջանում Եվրամիությունն ունի խորքային ճգնաժամ, և այդ ճգնաժամից չի կարող դուրս գալ: «Իմիջիայլոց, կառավարման տեսանկյունից՝ եվրոպացիները ռազմավարական մեծ սխալ են թույլ տալիս. փորձում են ճգնաժամից դուրս գալ այն մեթոդներով, որոնք իրենց բերել են ճգնաժամի: Կառավարման մեջ կա այսպիսի հասկացություն. ճգնաժամում նախորդ մեթոդները չեն աշխատում: Այդ պատճառով ես կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ մոտակա տարիներին Եվրոպան միայն նոր խնդիրներ է ունենալու: Իսկ անգլոսաքսոնական քաղաքականությունը միշտ պատմականորեն հակադրվել է մայրցամաքային Եվրոպայի քաղաքակրթությանը: Եվ բնական է` երբ ճգնաժամը սաստկանում է, այդ անջրպետը սկսում է ավելի ցայտուն երևալ»,- ասաց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս