Բարքեմփը Գյումրիում է
Այսօր Գյումրիում մեկնարկեց «Բարքեմփ Գյումրի 2012-ը»: Գյումրի էին ժամանել «Բարքեմփ Երևան 2012թ.» կազմակերպիչները: Բարքեմփին մասնակցում էին ավելի քան 200 մասնակից՝ IT ոլորտի մասնագետներ, բլոգերներ, լրագրողներ և գյումրեցի երիտասարդներ: «Բարքեմփ Երևան 2012թ.» կազմակերպիչ թիմի անդամ Անի Սմբատյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Բարքեմփ չկոնֆերանսը, տեղի է ունենում 3 տարբեր սենյակներում: Քննարկվում են տարբեր խնդիրներ, առաջարկվում են տեսակետներ և ծրագրեր:
Հետաքրքիր ներկայացումներն աչքի են ընկնում լեփ-լեցուն սենյակներով: Հակառակ դեպքում` մասնակիցները քվեարկում են ոտքերով, այսինքն` լքում են սենյակը, և գնում մեկ այլ սենյակ, ուր ավելի հաջող ու օգտակար ներկայացումներ են լինում: «Բարքեմփի բացումը տեղի ունեցավ Գյումրու տեխնոպարկում, որը դեռ կառուցման փուլում է:
Քանի որ կառավարությունը նպատակ ունի Գյումրին դարձնելու տեխնոկենտրոն, այս միջոցառումները, գյումրեցիների համար ևս շատ կարևոր են: Գաղտնիք չէ, որ Գյումրին ունի շատ հայտնի IT մասնագետներ: Բարքեմփն առաջին անգամ է կազմակերպվում Գյումրիում, գյումրեցի երիտասարդները մեծ ակտիվությամբ մասնկացում են»,- ասաց Անի Սմբատյանը: