Նաիրա Զոհրաբյանը չի հասկացել ՕԵԿ փոխնախագահի մտքի այլաբանությունը «տաք և սառը ջրերի» մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համամիտ չէ ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի այն գնահատականի հետ, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու քաղաքական ուժերի՝ մասնավորապես՝ ԲՀԿ-ի առաջարկն  «իրենց պատկերացումներով՝ ժամանակավրեպ է և պահանջում է տևական աստիճանական գործընթաց, քանի որ կտրուկ կատարվող անգամ դրական քայլերը հաճախ չեն հարմարեցվում մարդկանց ու համակարգին»:

«Մենք ի գիտություն ենք ընդունում ՕԵԿ-ի դիրքորոշումը: Բայց գտնում ենք, որ այսօր իրապես ժամանակն է անցնելու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, որովհետև վերջին՝ մայիսյան խորհրդարանական ընտրությունները, հերթական անգամ ապացուցին, որ մեծամասնական ընտրակարգը մեզանում, ըստ էության, հիմնական այն սողանցքն է, որ թույլ է տալիս շրջանցել կամ ի չարս օգտագործել Ընտրական օրենագիրքը: Բայց մենք, իհարկե, ընդունում ենք նաև, որ ՕԵԿ-ը, ինչպես նաև ցանկացած այլ քաղաքական ուժ, իրավունք ունեն ունենալ իրենց դիրքորոշումը, տեսակետը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մեր դիտարկմանը, թե Հովհաննես Մարգարյանը մտահոգված է այն հանգամանքով, որ՝ «տաք ջրից միանգամից դժվար է անցնել սառը ջրին» և որ այս գործընթացը պետք է փուլ առ փուլ առաջ գնա, որպեսզի քաղաքացին իրազեկվի, Ն. Զոհրաբյանը նշեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին իրենք միանգամից անցում չեն կատարում:

«Տարիներ առաջ մենք առավել պակասեցրել ենք մեծամասնական տեղերը՝ դարձնելով դրանք 41: Իսկ հիմա ժամանակն է՝ անցնելու 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: Սա հենց այդ աստիճանական անցումն է: Իսկ «տաք և սառը ջրերի» մասով մեկնաբանություններ անել չեմ կարող, որովհետև, անկեղծ ասած, այդ մտքի այլաբանությունը ես չհասկացա»,- պարզաբանոց Նաիրա Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Նաիրա Զոհրաբյանը նաև հավելեց, որ ՕԵԿ-ին պաշտոնական հրավեր դեռևս չի ուղարկվել զուտ տեխնիկական պատճառով: «Այս օրերին մեր պատգամավորները, քաղխորհրդի անդամները գտնվում են մարզերում: Բայց կարծում եմ, այսօր կամ վաղը ես անպայմանորեն կդիմեմ նաև ՕԵԿ-ին»,- հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս