«Տաք ջրից միանգամից դժվար է անցնել սառը ջրին»

Խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկի վերաբերյալ այս պահի դրությամբ ՕԵԿ-ը քաղաքական ուժերի կողմից պաշտոնական հրավերներ չի ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: «Կոնսուտացիաներին մասնակցելու հրավեր չենք ստացել, բայց այդ գործընթացին մենք հարգանքով ենք մոտենում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու քաղաքական ուժերի՝ մասնավորապես՝ ԲՀԿ-ի առաջարկին, ապա Հովհաննես Մարգարյանը շեշտեց, որ ԲՀԿ առաջարկն, իրենց պատկերացումներով՝ ժամանակավրեպ է և պահանջում է տևական աստիճանական գործընթաց: Ըստ նրա՝ կտրուկ կատարվող անգամ դրական քայլերը հաճախ չեն հարմարեցվում մարդկանց ու համակարգին:

«Տաք ջրից միանգամից դժվար է անցնել սառը ջրին: Մենք միշտ կողմ ենք եղել համասնական ընտրակարգի մաքսիմում անցմանը: Եթե նայեք, կտեսնեք, որ մեր երկրում այս գործընթացը փուլ առ փուլ առաջ է գնացել: Սա այն խնդիրն է, որն այսօրվա դրությամբ ոչ թե քաղաքական ուժերի, այլ ժողովրդի որոշելիքն է: Բայց սրա համար պետք է ժամանակ, որ քաղաքացին իրազեկվի: Կարծում եմ՝ որևէ մեկը չի պնդի հակառակը, որ այս հարցը երկար քննարկման է արժանի»,- պարզաբանեց նա:

Նա հավելեց, որ, թեպետ հայտարարություն եղել է, բայց ՕԵԿ-ը կքննարկի դրանք, երբ իրենց ներկայացված լինի փաստաթուղթ՝ համապատասխան կետերով: «Եթե մեզ ներկայացնեն, թե ի՞նչ գործիքներ են կիրառվելու, որպեսզի անցնենք խորհրդարանական կառավարման մոդելին, մենք կքննարկենք: Տվյալ գաղափարի մասին պատկերացում կազմելու համար պետք է ներկայացվեն այն չափորոշիչնեը, որոնք իրենք պատկերացնում են: Մեզ հետաքրքում է այն, թե ինչի՞ց ելնելով մենք պետք է կատարենք սահմանադրական այդ փոփոխությունը»:

Տեսանյութեր

Լրահոս